Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կրթական համագործակցության 2019 թ. ուսումնական պլանի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 20 աշխատակիցներ կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման երկշաբաթյա դասընթացներին:
Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարար ծառայողների առաջին խումբը՝ բաղկացած 10 փրկարարից, ՌԴ կմեկնի ապրիլի 7-ին՝ մասնակցելու ապրիլի 8-21-ը ՌԴ ԱԻՆ Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում «Հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստում» ծրագրով անցկացվող դասընթացներին, մյուս խումբը՝ ապրիլի 14-ին՝ մասնակցելու ապրիլի 15-27-ը ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում անցկացվող «Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանություն» խորագրով դասընթացներին:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հաջողություն մաղթելով հայ փրկարարներին ուսման հարցում, մեծապես կարևորել է ՌԴ բարձրակարգ ԲՈՒՀ-երում վերապատրաստվելու հնարավորությունը: Տնօրենի խոսքով՝ յուրաքանչյուր փրկարար ՌԴ-ում կներկայանա ոչ թե որպես անհատ, այլև կներկայացնի Հայաստանը, ուստի՝ անհրաժեշտ է անել հնարավորինը՝ երկրի պատիվը բարձր պահելու համար: