Կառավարության այսօրվա նիստում դեմագոգիայի ու դերասանության պակաս չկար։ Նիկոլ Փաշինյանին հունից հանել էին, իր իսկ գնահատմամբ, տեղեկատվական մանիպուլյացիաները, որոնք կապված էին գազի գնի թանկացման հետ։
Փաշինյանը բոցաշունչ ելույթ ունեցավ ու վերջում անդրադարձավ իր բուն փորացավին։ԱԱԾ–ին նա հանձնարարեց հեղափոխականի անվան տակ հանդես եկող ֆեյքերի և ընդհանրապես սոցիալական ցանցերում, իր կարծիքով, ֆեյքային մանիպուլյացիաներով զբաղվողների դեմ կոշտ քայլեր ձեռնարկել։
Պարզ է, որ Փաշինյանի իրական ցանկությունը տեղեկատվական դաշտի ոչ վերահսկելի սուբյեկտների դեմ պայքարն է, բայց նա դա անում է «ժողովրդի անունից» ու, իբր, հանուն գազի գնի։
Ուշագրավն իր՝ ԱԱԾ–ին տված հրահանգի մեջ այն է, որ ֆեյքային ու մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ կիրառելը, սուտն ու կեղծիքն օգտագործելը հենց իրեն ու իր շրջապատին են ներհատուկ։ Ինքն ու իր թիմը ոտքից գլուխ ֆեյքային տեխնոլոգիաներ էին կիրառում «թավշյա հեղափոխությունից» առաջ ու ընթացքում։ Հիմա էլ նույնը շարունակվում է։
Սրանք նույնիսկ գնացին այնպիսի ստոր քայլի, ինչպիսին է ապրիլյան քառօրյայում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի հիշատակն օգտագործելն ու հավաքված ամբոխից էմոցիա փախցնելը (տե՛ս կից տեսանյութը)։
Բանն այն է, որ ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակված քայլարածդիջեյը՝ Էդուարդ Աղաջանյանը, «թավշյա» օրերին մի կեղծ պապիկ էր բերել հրապարակ, նրա կողքը բռնել էր Աբաջյանի նկարն ու ցույց էր տալիս, թե, իբր, ժողովո՛ւրդ ջան, տեսեք, հերոս Ռոբերտի պապն էլ է Նիկոլի հետ։ Ապրիլյան օրերին այդպիսի քստմնելի տեխնոլոգիան ու մանիպուլյացիան, քայլարածների կարծիքով, պետք է աշխատեր ու Նիկոլին աթոռ ապահովեր։ Այդ տեխնոլոգիան կիրառելու ժամանակ Նիկոլը Ռոբերտի «պապիկի» հետևում էր կանգնած և հետևում էր իր ներկայիս աշխատակազմի ղեկավարի «մուտիլովկային»։ Երկուսն էլ շատ լավ գիտեին, թե ինչ կեղտոտ թատրոն են խաղացնում, բայց թքած ունեին։
Ու սրանք հիմա խոսում են ֆեյքերից ու մանիպուլյացիաներից։
Եթե Փաշինյանն այսօր անկեղծ է եղել ֆեյքերի դեմ պայքարի հարցում ու այն ժամանակ տեղյակ չի եղել, որ հարթակում Աբաջյանի կեղծ պապիկն է խոսել, ապա պետք է առաջին հերթին աշխատանքից հեռացնի ֆեյքային մանիպուլյացիա արած իր աշխատակազմի ղեկավար Աղաջանյանին։ Այն «մուտիլովչիկին», ով Ռոբերտ Աբաջյանի կեղծ «պապիկ» էր դեմ տվել հանրությանն, ու ինքն էլ պահել էր հերոսի նկարը, որպեսզի մարդկանց զգացմունքների հետ խաղա։
Եթե Աղաջանյանը որպես ֆեյք չհեռացվի, ուրեմն ևս մեկ անգամ կհաստատվի, որ Նիկոլը դեմագոգիայով ու անձնական հարցերով է զբաղված և ինքն այն օրերի «կեղծ պապիկ» օպերացիայի իրական հեղինակն է։
Քանի՞ գրոշ արժե Փաշինյանի հակաֆեյքային ճառը, եթե թիվ մեկ ֆեյքային մանիպուլյատորին կողքն է պահում։ Մի խոսքով, կառավարությունում պետք է կողմնորոշվեն։
Մի բացահայտված ֆեյք ԱԱԾ–ն արդեն ունի՝ Նիկոլի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Դե՛, ձեզ տեսնենք։
Հայկ Ուսունց