Համաներումով ազատված շուրջ 71 անձ կատարել է 131 հանցագործություն
Advertisement 1000 x 90

Համաներումով ազատված շուրջ 71 անձ կատարել է 131 հանցագործություն

Հայաստանում այս պահի դրությամբ համաներումով ազատված շուրջ  71 անձ կատարել է 131 հանցագործություն։ Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ոստիկանապետի խոսքով՝ ՀՀ–ում քաղաքացիներն ավելի զգայուն են դարձել։ «Եթե նախկինում ուշադրություն չէին դարձնում որևէ արարքի, որովհետև մտածում էին, որ համապատասխան իրավական գնահատականի չի արժանանա, այսօր ցանկացած բանի համար քաղաքացիները դիմում են ոստիկանություն»,– ասաց նա։

Ոստիկանապետի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ բնակարանային գողության համար դիմել են ոստիկանություն ու ոստիկանության ծառայողները չեն գրանցել դեպքը, ճանապարհել են քաղաքացուն, իսկ այսօր նրա հավաստմամբ՝ նման բան չկա. ոստիկանությունում ցանկացած հաղորդում և հայտարարություն գրանցվում է։

Օսիպյանը նշեց, որ եռամսյակային տվյալներով հանցագործության դեպքերի թիվը նվազել է, իսկ բացահայտման ցուցանիշն աճել։ Անդրադառնալով Հայաստանի ճանապարհներին երթևեկության ծանրաբեռնվածությանը, Օսիպյանը հիշեցրեց, որ գնալով ավելանում է Հայաստան ներկրվող մեքենաների թիվը: 2019 թ. առաջին եռամսյակում 2018թ. համեմատ 9000–ից ավելի մեքենա  է ներկրվել Հայաստան։

«Ամեն օր ավտոմեքենաներ են բերում,  բայց փողոցների ու խաչմերուկների վիճակը նույնն է մնում: Այո, ճանապարհային ոստիկանությունում կան թերություններ. ես ինքս էլ եմ թերանում, յուրաքանչյուր աշխատող մարդ թերանում է, չաշխատող մարդը չի թերանում, որովհետև չի աշխատում»,- ասաց նա