«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլի 2–ին վնասելու միջոցով ավտոմեքենաներ թալանելու գործով կասկածյալներ կան։ Այդ մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ չցանկանալով գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել։
«Կասկածյալներ ունենք, մենք զբաղվում ենք։ Ես ինքս դատապարտում եմ նման արարքը, մանավանդ, որ այն կատարվել է այնպիսի վայրում, ինչպիսին «Եռաբլուրն» է»,- ասաց նա։
Օսիպյանի խոսքով՝ հանրության մոտ կարծիք է ձևավորվել, որ դեպքը տեղի է ունեցել իրավապահների ներկայությամբ, սակայն ըստ նրա՝ դա այդպես չէ.
«Այո, այնտեղ ի սկզբանե անվտանգությունից ելնելով եղել են ոստիկանության և այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն երբ այնտեղ ավարտվել է արարողակարգային միջոցառումը, ոստիկաններն իրենց ծառայությունը նույնպես ավարտել են և ոստիկանների բացակայության պարագայում է դեպքը տեղի ունեցել՝ այն հատվածում, որը տեսանելի չէր կարող լինել»,–ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքացիները ոստիկանների ուղղորդմամբ են մեքենաներն այդ վայրում կայանել, Օսիպյանը պատասխանեց. «Անվտանգությունից ելնելով ոչ բոլորին են թույլատրել կայանել Եռաբլուրի վերևի հատվածում գտնվող կայանատեղիում, իսկ որտեղ եղել են կայանած տվյալ մեքենաները՝ այնտեղ եղել են ոստիկաններ այնքան ժամանակ, մինչև արարողակարգային միջոցառումն ավարտվել է և անհրաժեշտություն չի եղել, որ ոստիկաններն այնտեղ շարունակեն իրենց ծառայությունը։ Հիմա ի՞նչ է նշանակում, Հայաստանի Հանրապետությունում որտեղ մեքենա կա կայանած, ամեն մի մեքենայի կողքին ոստիկա՞ն կանգնի։ Իրենք այդտեղ մեքենա հսկելու համար չէին, իրենք այդտեղ անվտանգություն էին ապահովում»,–ասաց ոստիկանապետը։
Հարցին, թե ինչու՞ նախորդ տարիներին «Եռաբլուր»-ում նման արարողությունների ժամանակ այդօրինակ դեպքեր չէին արձանագրվում, ոստիկանապետը պատասխանեց.
«Նախկինում էլ այլ բաներ էին լինում, հիմա չեն լինում, հիմա էլ բաներ են լինում, որ նախկինում չէր լինում ։ Դա ով որ արել է, սրբություն չունեցող անձնավորություն է»։