Գրող, հրապարակախոս Վասակ Դարբինյանն իր էջում հրապարակել է հատված «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքից.
«Պատմում է ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ
«Հիշարժան մի դեպք է ուլի պատմությունը:
Քոչարյանն արդեն Հայաստանում իրեն տեր ու տիրական էր զգում: Վանոն մի օր ասաց՝ տղերքին հավաքենք, ուտելիք, բան վերցնենք, գնանք Ծաղկաձոր, բնության գրկում հաց կուտենք, կուրախանանք: Գնացինք, նստեցինք մի տեղ, ինչ-որ մարդիկ եկան, որ Վանոյի դուրը չեկան, ասաց՝ գնացինք էստեղից, գնանք ուրիշ տեղ կնստենք: Ու էդ, ինչ որ հետներս տարել էինք՝ սաղ ուտելիքը թողեցինք փաստորեն, խմիչքը վերցրինք հետներս, դրեցինք մեքենաների մեջ, հարցրի՝ ուր ենք գնում, ասաց՝ գնում ենք Հանքավան: Այ մարդ, ասացի, բա էս ուտելիքը մնաց, տանեինք հետներս, ասաց՝ լավ, թարգիր, ճամփից մի բան կվերցնենք, կգնանք Հանքավան, Չըռ-չըռ ջրի մոտ: Մնաց-մնաց՝ ասաց՝ մի հատ ուլ կվերցնենք, անպայման մի հատ տանենք հետներս, ուլի սեզոնը, գիտես, չէ՞, մինչև սեպտեմբեր է, սեպտեմբերից հետո չի կարելի ուլ ուտել: Խոսելով, նայելով գնում ենք, որ գյուղերի մոտ ուլ տեսնեք՝ առնենք, բայց ամբողջ ճանապարհին ուլ չկա: Ստիպված գառ առանք, գնացինք: Արդեն հասնում էինք Չըռ-չըռի մոտ, մեկ էլ, ըհը՛, տեսանք ուլ կա, էս ուլն էլ առանք: Հետո, դե էլի ինչ-որ բաներ էինք առել գյուղերից, վարունգ, պոմիդոր, հաց, պանիր և այլն, տեղ հասանք, նստեցինք, սեղան-մեղան դրինք, Վանոն ասաց՝ էդ ուլի գործը երկար ա, թող գառը պատրաստեն: Դե, մի երեսուն հոգի էինք, տղերքը զբաղվեցին գառով, էս գառը որ տարան մորթելու, էս ուլը սկսեց էրեխու ձենով լացել: Ձեն ա հանում, լացում ա, մենք էլ համ հաց ենք ուտում, համ ականջներիս մեջ դրա ձենն ա: Վերջը, Վանոն չդիմացավ, կանչեց՝ Մհե՛ր: Մհերը եկավ, պատրաստակամ կանգնեց, հարցական նայեց: Ասաց՝ Մհեր, էդ ուլը բաց թող, թող գնա: Ես ըմբոստացա, ասի՝ եղբայր, մենք եկել ենք ուլ ուտելու, ո՞նց թե բաց թող, էս ուլը պետք ա ուտենք: Վանոն ասաց՝ չէ, էս սեզոնին ով ա ուլ ուտում, հիմա ուլ ուտելու սեզոն չի: Ասացի՝ դու էիր ասում, որ հիմա ա ուլի սեզոնը, որ սեպտեմբերից հետո ուլի միսը չի ուտվի: Չէ, ասաց, Մհեր, գնա, բաց թող ուլը: Ասի՝ մի րոպե, ընկեր, չես ուզում՝ դու մի կեր, մենք տղերքով կուտենք:
Հիմա, էս Վանոն տեսավ՝ կարող ա նեղանամ, ինձ առանձնացրեց, ասաց. «Արո, սրա ձենը ականջիս մեջ ա, խղճիս վրա ազդում ա դրա մկկոցը, ո՞նց կարելի ա սրան մորթել… Վերջ, բաց ենք թողնում՝ գնա»: Ասի դե լավ: Ու բաց թողեցինք էս ուլը, գնաց: Բաժակները լցրինք, ուզում էի ինչ-որ բան ասել, որ խմեինք, մեկ էլ աչքի պոչով տեսնեմ՝ էս ուլը գնաց, ոչխարի հոտ էր անցնում, միացավ էս հոտին, առաջ-առաջ ընկավ, անցավ հոտի գլուխ, ու ոչխարները սկսեցին գնալ սրա ետևից:
Քիչ հետո կենաց ասելու հերթը հասավ ինձ, բաժակս վերցրի, ասացի. «Վանո, տեսա՞ր էն ուլը…»: Ասաց՝ հա, ինչ: Ասացի՝ սա ոնց որ Ռոբերտ Քոչարյանը լինի, ազատ ես թողնում՝ կոնկրետ մեկ էլ դառնում ա առաջնորդ»»:
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի