Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Այս մասին հայտնում է Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը։
«Դատարանն արձանագրել է, որ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում»,– նշված է հայտարարության մեջ:
2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ, որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը և բողոք էր ներկայացրել դատարան: