Բացի Huawei P30 սմարթֆոնից, ընկերությունը ցուցադրել է իր համար արտասովոր գադջեթ`«խելացի» ակնոց: Ընկերությունը նաև թարմացրել է «խելացի» ժամացույցների շարքը և թողարկել է նոր անլար ականջակալներ:
Huawei ակնոցը դարձել է ականջակալի այլընտրանք: Այն ունի խոսնակներ, երկու խոսափողեր, մարտկոց և Bluetooth մոդուլ: Խոսնակները տեղադրված են այնպես, որ օգտատերը հնարավորություն կունենա լսել շրջակա ձայները, իսկ մյուս մարդիկ չեն լսի ականջակալի ձայնը: Բարձրախոսների համակարգը որոշում է ձայնի ուղղությունը խոսակցության ընթացքում և հեռացնում է ավելորդ ձայները:
Ընկերությունը ենթադրում է, որ ակնոցի օգնությամբ մարդիկ կկարողանան լսել երաժշտություն և խոսել հեռախոսով`առանց ականջները փակելու: Ակնոցի վրա հատուկ դաշտերին սեղմելով՝ կարելի է պատասխանել զանգին կամ միացնել երաժշտությունը: Ակնոցը լիցքավորվում է հատուկ պատյանում՝ USB Type-C միջոցով կամ առանց լարերի:
Huawei-ն ստեղծել է ակնոցները կորեական Gentle Monster բրենդի հետ: Կան տարբեր մոդելներ՝ թե՛ արևային, թե՛ թափանցիկ ապակիներով:
Ընկերությունը նաև թարմացրել է «խելացի» ժամացույցների շարքը, որում ներառվել են Huawei Watch GT սպորտային և դասական Watch GT Elegant ժամացույցները:
Huawei Watch GT Active-ը մեկ լիցքավորմամբ կաշխատի մինչև երկու շաբաթ՝ սրտի զարկերի մոնիտորինգի հնարավորությունը միացրած և շաբաթական 90 րոպե մարզվելով:
GT Elegant-ը կստանա 46 մմ ընդլայնված դիսփլեյ և մեկ լիցքավորմամբ կաշխատի մեկ շաբաթ:
Այս ժամացույցները պատրաստված են կերամիկայից:
GT Active ժամացույցը կարժենա 249 եվրո, իսկ GT Elegant-ը՝ 229 եվրո:
Մեկ այլ նորություն են Huawei FreeLace անլար ականջակալները: Դրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրանցից կարող է անջատել մի մասը, և կհայտնվի USB Type-C մալուխը: Այն կարող է միացված լինել սմարթֆոնին և այդպիսով լիցքավորել ականջակալները:
Ականջակալներն աշխատում են Bluetooth-ի միջոցով: Մեկ լիցքավորումը բավարար է 18 ժամ երաժշտություն լսելու համար: Վաճառքը կսկսվի ապրիլին, գինը` 99 եվրո:
Սիրարփի Աղաբաբյան