Փաշինյանի մոտ ավելի լավ է ստացվում «բազե» խաղալը, քան նրա կնոջ մոտ՝ «աղավնի» խաղալը
Advertisement 1000 x 90

Փաշինյանի մոտ ավելի լավ է ստացվում «բազե» խաղալը, քան նրա կնոջ մոտ՝ «աղավնի» խաղալը

Լրագրող Հայկ Խալաթյանն անդրադառնալով «Ամերիկայի ձայնին» վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝Աննա Հակոբյանի աղմկահարույց հարցազրույցին,  իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի հարցազրույցին։ Այնպիսի զգացողություն է, որ իրենք ամուսիններով դերաբաշխում են կատարել. Ղարաբաղյան թեմայով նա «բարի ոստիկանն» է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ «չար ոստիկանը»։ Բայց պետք է նկատել, որ Փաշինյանի մոտ ավելի լավ է ստացվում «բազե» խաղալը, քան նրա կնոջ մոտ՝ «աղավնի» խաղալը։

Ենթադրում եմ, որ նա դա նկատի չուներ, թեպետև ողջ պատասխանի կոնտեքստում այդ արտահայտությունն ականջ էր ծակում։ Բայց հաշվի առնելով այն, որ դա ամուսնու վարկանիշին հարվածող  նրա առաջին անհաջող արտահայտությունը չէ մեր զինվորների վերաբերյալ, լավ կլինի, եթե նա այլևս չմեկնաբանի ղարաբաղյան թեմատիկան ու առաջնագծի մեր զինվորներին։ Ու առհասարակ, լավ կանի, մի փոքր ստվերում մնա, եթե, իհարկե, նա չի ուզում Փաշինյանի կյանքում խաղալ նույն դերը, ինչը ժամանակին արեց Ռաիսա Մաքսիմովնան Միխայիլ Գորբաչովի վարկանիշի անկման հարցում։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն ասել էր.

«Մենք դիմում ենք ոչ թե Ադրբեջանի կանանց, այլ ըստ էության դիմում ենք Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին, կողմերին և միջնորդություն իրականացնող երկրներին։ Մեր կոչը նրանց մեկն է ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին՝ ինչպես հայկական կողմից, այնպես էլ՝ Ադրբեջանի կողմից։

Այսինքն՝ մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը մեզ չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել»,- ԱՄՆ կատարած իր շրջագայության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։



Նման նյութեր