Ազգային ժողովի դիմաց հավաքված ցուցարարները ավարտեցին բողոքի ակցիան, իսկ հետագա քայլերը կներկայացնեն ավելի ուշ։ Հիշեցենք, որ այսօր Ազգային ժողովի դիմաց մի խումբ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են նախաձեռնել՝ օրերս ԱԺ նիստերի դահլիճում տրենսգենդերի ելույթի կապակցությամբ։
Ակցիայի ավարտին մասնակիցներից Հրայր Կոստանյանն ասաց, որ երեկոյան ուղիղ եթեր կմտնի, կամփոփի բողոքի ակցիան ու կխոսի հետագա քայլերի մասին։
Մասնակիցները նաև նամակ գրեցին, սակայն ԱԺ հանձնել չհաջողվեց, քանի որ աշխատանքային ժամն արդեն ավարտվել էր։
Նամակում մասնավորապես ասվում է.
«Պահանջում ենք օրենք, որով կարգելվի և քրեորեն կհետապնդվի այլասերվածության և սեռական ապակողմնորոշման նախապատվությունների, նախասիրությունների քարոզն ու հանրայնացումը։ Օրենք ի պաշտպանություն մեծամասնության իրավունքների, որը, արտահայտելով ազգի մեծամասնության արժեհամակարգային մոտեցումները, կբացառի արտաքին աշխարհից պատվիրված և այլ պետությունների կողմից գործակալած արհեստածին և օտարածին բևեռացումն ու լարվածությունը հասարակության ներսում, քանի որ փորձ է իրականացվում արեժահամակարգային ահաբեկչության և շանտաժի միջոցով այլասեռներին օրենսդրական արտոնություններ տալ, ինչը կբերի վերջիններիս իրավունքների և դիրքերի գերակայության մեծամասնության հանդեպ»։