«Ցավում եմ, որ անառողջ մի թեմա այսօր զբաղեցրեց ողջ լրատվական և քաղաքական դաշտը և այն կարևոր խնդիրները, որ մենք բարձրացրեցինք Ստրասբուրգում, որոշակիորեն ստվերվեցին:
Ինձ համար շատ ավելի կարևոր էր Ստասբուրգում բարձրացնել փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի խնդիրը, ով հունիս ամսին Ադրբեջանի սահմանակից Բերդավան գյուղից, ըստ ամենայնի, տեղանքում մոլորվելով, պատահաբար հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Կոչս ուղղել եմ միջազգային իրավապաշտպան բոլոր կառույցներին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր խաչին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների իրավունքների հանձնակատարին ՝ անհապաղ ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար: Որովհետև մենք տեսել ենք և գիտենք, թե ինչպես են գերիների հետ վարվում «դեմոկրատական» Ադրբեջանում:
Կարեն Ղազարյանի խնդիրը շարունակելու է մնալ իմ ՝ որպես պատգամավորի օրակարգի ամենակարևոր խնդիրներից մեկը, և միջազգային բոլոր ատյաններում ոչ միայն բարձրացնելու եմ այդ հարցը, այլ սերտորեն համագործակցելու եմ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպությունների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Կարեն Ղազարյանը վերադարձվի հայրենիք:
Եվ կրկին անգամ ցավում եմ, որ այսօրվա անառողջ քննարկումները շեղեցին այն կարևոր խնդիրներից, որ մենք բարձրացնում ենք միջազգային հարթակներում»:
Նաիրա Զորհաբյան