Պետական վերահսկողության ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի պաշտպանական կողմի Վերաքննիչ բողոքը` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ, մերժվել է: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Ադյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը. «Որոշումը բողոքարկել էինք մարտի կեսերին, պատասխանը եկել է մի քանի օր առաջ: Մերժման հիմքում նշված է, որ «հիմնավոր կասկածը եւ կալանավորման հիմքերը առկա են»:
Պաշտպանի խոսքով` իրենք զուգահեռ ներկայացրել էին նաեւ գրավի միջնորդություն, որը եւս մերժվել է:
Դավիթ Մնացականյանը նշեց, որ քննարկում են Վճռաբեկ դատարան դիմելու հարցը. «Կարելի է ասել, որ արդեն իսկ որոշված է, որ կդիմենք Վճռաբեկ դատարան, պարզապես բողոքը դեռեւս պատրաստ չէ»:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ վարչության պետերի։ Հետագայում ՊՎԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ տարածված լուրերը խեղաթյուրված են։ Ավելի ուշ ԱԱԾ հայտարարությունից պարզ դարձավ, որ ձերբակալվել է ՊՎԾ երկու աշխատակից՝ Ադյանը եւ Գեւորգ Խաչատրյանը։ Գործով կա նաեւ երրորդ մեղադրյալը, ով տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ է՝ Տարոն Ավետիսյանը։
Նշենք, որ Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջադրել է ծանր հետեւանքներ, եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։
Մնացականյանի խոսքով՝ իր պաշտպանյալը ցուցմունք տվել է, եւ մեղադրանքը չի ընդունում։