Երեկ՝ ապիլի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության Թումանյանի դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Կամո Կիրակոսյանի նկատմամբ, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել առանձնակի դաժանությամբ սպանության հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Սուսաննա Գզոգյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Կ. Կիրակոսյանը դատարանից տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես ավելի վաղ Լոռու մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Տիգրան Կարապետյանի, ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչների հետ, քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Թումանյանի բաժին էին բերման ենթարկել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Կամո Կիրակոսյանին։ Վերջինս կասկածվում էր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչ՝ 46-ամյա Արսեն Սարդարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու, դին այրելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սարդարյանը ապրիլի 4-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից։ Նա իր վարած Mercedes մակնիշի 34 RA 735 համարանիշի ավտոմեքենան հանգստյան օրերին շահագործում էր որպես տաքսի և Երևանից պատվիրատուի հետ ուղևորվել էր Լոռու մարզ։ Հաջորդ օրվանից հարազատները ոչ մի տեղեկություններ չէին ունեցել Ա. Սարդարյանից։ Նրան զանգահարել էին, սակայն նա կամ զանգերին չէր պատասխանում կամ անհասանելի էր տալիս։ Գրեթե մի քանի օր Լոռու մարզի ոստիկանները կատարել էին հսկայածավալ որոնողական աշխատանքներ և ինչքան կասկածելի վայրեր կար, «սանրել էին», ու արդեն ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Լոռու մարզի ոստիկանները քննիչների հետ կազմել էին օպերատիվ-հետախուզական և քննչական խմբեր ու հայտնաբերել էին Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ մեքենան հայտնաբերելու այդ օրը, ժամը 20:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Վռամ Վարդևանյանը իր անչափահաս տղայի հետ աշխատանքային ժամն ավարտելուց հետո մեկնում էր Աքորի գյուղ՝ հայրական տուն և Աքորի գյուղի ցուցանակի մոտ նկատել էր Mercedes-ը ու ճիշտ կողմնորոշվելով, որ այդ ավտոմեքենան որոնվող ավտոմեքենան է, մոտեցել էր Mercedes -ին և հետնամասում հայտնաբերել Կ. Կիրակոսյանին, ով փորձել էր դիմել փախուստի, սակայն Վ. Վարդևանյանին հաջողվել էր վնասազերծել նրան և տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Թումանյանի բաժին, որից հետո օպերատիվ խումբը՝ ոստիկանության Թումանյանի բաժնի պետի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի ու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի հետ մոտեցել էին դեպքի վայր ու կասկածյալը բերման էր ենթարկվել Թումանյանի ոստիկանություն: Ավտոմեքենան էլ տեղափոխվել էր ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ մինչ ավտմեքենան հայտնաբերելը, Լոռու մարզի ոստիկանները տարածքային բաժինների, այդ թվում՝ ոստիկանության Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Վանաձոր քաղաքի Բազումի, Գուգարքի բաժինների ծառայողներով մոտ 80 կմ-ից ավել որոնողական աշխատանքներ էին կատարել, քանի որ ստացված օպերատիվ տվյալները հակասական էին: Mercedes -ը ուղևորվելիս էր եղել Լոռու մարզ, ինչի համար էլ մարզի ողջ ոստիկանությունը հնարավոր և անհնար վայրերում այդ թվում՝ անտառներում և ձորերում, որոնել էին Mercedes -ը: Քիչ հետո ճիվաղը ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ մատնացույց էր արել այն վայրը, որտեղ սպանությունից հետո հողի մեջ թաքցրել էր այրված մարմինը: Ստահակը սառնասրտորեն պատմել էր, թե ինչպես էր սպանել իր զոհին ու հետո դին տեղափոխել նշված վայր:
Ոստիկանության Թումանյանի բաժնի մոտ հավաքված՝ սպանված Ա. Սարդարյանի հարազատներն ու ընկերները ասում էին. «Հույս ունեինք, որ Ա. Սարդարյանը կհայտնաբերվեր, ցավով տեղեկացանք, որ զարհուրելի սպանություն է տեղի ունեցել, բայց նաև մեր շնորհալալությունն ենք հայտնում Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչներին, ովքեր օրեր շարունակ մեզ հետ հավասար լոռվա սարերն ու ձորերը ոտի տակ էին տալիս, որպեսզի գտնեին Ա.Սարդարյանին: Գոհ ենք նաև ոստիկանների ու քննիչների օպերատիվ աշխատանքներից, ովքեր հայտնաբերեցին թուրքացած հային ու հիմա կողմ ենք, որ սրա նմանները արժանանան մահապատժի, որպեսզի մյուսներին դաս լինի: Էս ճիվաղի պատճառով ընտանիքի սիրված հայը, կոլետիվի սիրված ու հարգված աշխատակիցը խնամքին ուներ 2 անչափահաս երեխա ու հիմա սրա նման մոլախոտը օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվի»: Նա բերման էր ենթարկվել ու արդեն փաստերի ճնշման տակ խոստովանել էր, որ սպանությունը կատարել էր ինքը և այրված դին գտնվում էր Լոռու մարզի Աքորի վարչական տարածքում։
Դատարանի որոշմամբ կալանավորված 30-ամյա Կամո Կիրակոսյանն է
Հանցագործին վնասազերծած, ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Վռամ Վարդևանյանն է