Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքումՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ադրբեջանական պատվիրակությանը հիշեցրել է Ադրբեջանի ղեկավարության հայատյացության քարոզների հասին: Այս մասին Զոհրաբյանն ասաց ապրիլի 11-ին Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում:
«Երեկ շատ կարևոր զեկույց էր այստեղ քննարկվում` քաղաքական գործիչների խոսքում անհանդուրժողականության, ատելության, քսենոֆոբիայի տարրերը: Չգիտես ինչու, նման ելույթների ժամանակ շատ տարօրինակ կերպով ակտիվանում են ադրբեջանցի պատգամավորները, և սկսում են հայերին մեղադրել ռասիստական հայտարարություններ անելու մեջ: Ես ուղղակի հերթական անգամ ստիպված էի հիշեցնել Ադրբեջանի օմբուդսմեն Սուլեյմանովայի հայտարարությունը` Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար: Ստիպված էի ևս մեկ անգամ հիշեցնել Ադրբեջանի նախագահի խոսքը` մեր թշնամին ոչ միայն Արցախի հայությունն է, այլ համայն հայությունը: Ես ստիպված էի հիշեցնել նրանց մի դիվանագետի կոչը` ԴՆԹ-ի անալիզի ենթարկել Ադրբեջանի բոլոր դիվանագետներին, որպեսզի, եթե հանկարծ նրանց մեջ հայի կամ այլազգիի արյուն լինի, նրանք չեն կարողանա անշահախնդրորեն ծառայել Ադրբեջանին: Ես այս ամբիոնից 10 տարի բարձրացնում և ցույց եմ տալիս ադրբեջանական դասագրքերը, որոնք հայատյացության դասական օրինակ են: Եվ այս կառույցում քար լռություն է, և պատահական չէր, որ երեկ ես հայտարարեցի, որ մենք ընդունեցինք հերթական մեռելածին բանաձևը»,- ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը կարևոր շեշտադրում է կատարել Ադրբեջանի կողմից խաղաղության հաստատման և Իլհամ Ալիևի ղեկավարման հետ կապված:
«Շատ կարևոր մի շեշտադրում արեց Լեյլա Յունուսը, երբ դահլիճում նստած էին ադրբեջանցի պատգամավորները, պատվիրակության ղեկավարը: Նա ասաց, որ դիկտատոր Ալիևը Հայաստանի հետ խաղաղություն չի ուզում, և քանի դեռ Ադրբեջանում դիկտատոր Ալիևն է, Ադրբեջանում խաղաղություն չի լինելու»,- ասաց Զոհրաբյանը:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է ապրիլի 8-ին: Ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: