Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին այսօր չէին ներկայացել վկաները: Գործով վկա Արթուր Ղեւոնդյանի գտնվելու վայրը պարզելու համար դատարանը կդիմի համապատասխան մարմիններին, իսկ վկա Լարա Առաքելյանին եւս մեկ անգամ ծանուցել նիստի վերաբերյալ:
Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ վերադարձնել Հայկ Սարգսյանի անձնագիրը եւ վերացնել սահմանահատումների վրա դրված արգելանքը:
Մեղադրող Աբգար Առաքելյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է. «Նաեւ հաշվի առնել քննութունից հետագա փուլերում խուսափելու հանգամանքը․ անձնագիրը վերադարձնելու դեպքում վտանգն իրական է դառնում»:
Պաշտպանը եւս մեկ անգամ նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշում կա. «Ցավոք, պետք է արձանագրեմ, որ մեղադրողը փորձում է խեղաթյուրել, ՍԴ-ն իր որոշմամբ անդրադարձել է անձնագրի մասին օրենքին, այսօր մեղադրողը կոնտեքստից դուրս ասում է՝ նման նորմ է որոշված: Սեւով սպիտակի վրա գրված է՝ բոլոր այն դեպքերում, երբ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառված չէ ստորագրություն կամ կալանք, անձնագիրը վերցնելն իրավաչափ չէ: Խնդրում եմ բավարարել մեր միջնորդությունը»:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ որպես խափանման միջոց՝ կիրառված է գրավը:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Վերջինս, հիշեցնենք, հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: