Նարեկ Մալյանն ու Արթուր Դանիելյանն այլևս միասին հանդես չեն գալիս «Ադեկվատ» նախագծում։ «Ադեկվատն» այժմ վարում է Արթուր Դանիելյանը միայնակ։ Մեզ տեղեկություն է հասել, որ բաժանման պատճառը ֆինանսականն է, մասնավորապես՝ Նարեկ Մալյանը գումար է վերցրել քոչարյանական թիմից, որի մասին տեղյակ չի պահել Դանիելյանին, վերջինս էլ իմացել է, դրանից էլ գժտվել են ու բաժանվել։
«Մենք ամուսնացած երբեք չենք եղել, որ բաժանվենք»,- մեզ հետ զրույցում իրենց բաժանման վերաբերյալ հարցին այսպես արձագանքեց Արթուր Դանիելյանը։
Ապա ավելի լրջացրեց․ «Չէ, չէ, որևիցե խնդիր Նարեկի հետ չկա, ինքը կենտրոնանում է մի ուղղության վրա, ես կենտրոնանում եմ մի ուղղության վրա»։
– Ո՞ր ուղղության մասին է խոսքը։
– Իրե՞նը, PR գործակալություն է ինքը բացել, մերը «Ադեկվատ» հաղորդումն ա, և դրանից բխող պրոյեկտ ունենք, որի մասին երևի մի ամսվա ընթացքում կհայտնենք։
– Այդ պրոյեկտը Դուք միայնա՞կ եք անելու, թե՞ Նարեկի հետ։
– Կարծում եմ՝ ինչ-որ փուլում կմիանա։
– Տեղեկություն կար, որ ֆինանսական խնդիր է եղել ձեր միջև, մասնավորապես՝ Նարեկը Քոչարյանի թիմակիցներից գումար է վերցրել, որի մասին Դուք տեղյակ չեք եղել, ու դրանից է ձեր միջև գժտություն առաջացել։
– Չէ, եթե ինձ եք հարցնում, ես չունեմ, համենայնդեպս, նման տեղեկություն։
– Հիմա ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են, և համատեղ ինչ-որ բան անո՞ւմ եք, թե՞ ոչ։
– Համատեղ երեկ չէ, առաջին օրը խմել ենք մեր փաբում՝ «Որջում»։
Նույն թեմայի շուրջ զրուցեցինք նաև Նարեկ Մալյանի հետ։ Մեր հարցին, թե ինչ-որ խնդի՞ր է առաջացել իր և Արթուրի միջև, որ այլևս միասին չեն վարում «Ադեկվատը», Մալյանն ասաց․ «Չէ, բացարձակ, ի՞նչ խնդիր պիտի լինի»։
– Օրինակ՝ ֆինանսական, քանզի տեղեկություն կար, որ Դուք գումար եք վերցրել քոչարյանական թիմից, Արթուրն իմացել է, դրանից էլ գժտվել եք։
– Ինչ հետաքրքիր տեղեկություն ա․․․
– Այո, հետաքրքիր էր, դրա համար էլ զանգել եմ։
– Ես ասել եմ՝ կենտ օրերին ես Քոչարյանից եմ փող վերցնում, զույգ օրերին՝ Սերժ Սարգսյանից։ Իսկ Արթուրի հետ․․․ Արթուրն իմ ընկերն ա, Արթուրի հետ ի՞նչ խնդիր կարա լինի։
– Այդ դեպքում ո՞րն է խնդիրը, որ «Ադեկվատը» միասին չեք վարում։
– Ես ուրիշ գործունեության մեջ տրամադրության մեջ եմ․․․ էդքան բան։ Բայց «Ադեկվատը» էտի մեր երկուսի համատեղ նախագիծն ա, տենց բան չի, էլի․․․ այսինքն, եթե ինչ-որ մի հարց լինի, ինչ-որ մի խնդիր լինի, որ «Ադեկվատին» ու Արթուրին գործնական օգնելու կարիք լինի՝ բացի ընկերականից, միանշանակ, իմ կողմից կլինի, էլի։ Զարմանում եմ նույնսկ էդ հարցի վրա։
– Մենք չէինք զարմացել, որովհետև և՛ նման ինֆորմացիա կար, որ գժտվել եք, և՛ տեսնում ենք, որ «Ադեկվատն» այլևս միասին չեք վարում։
– Միասին չենք վարում, որովհետև Արթուրն ավելի շատ խորացավ «Ադեկվատի» մեջ, ես ուրիշ ոլորտի մեջ եմ։ Բայց «Ադեկվատը» ֆիզիկապես, իր դիսլոկացիայով իմ տան տակն ա, մենք ամեն օր էլ համարյա շփվում ենք, հանդիպում ենք ու Արթուրի հետ մենք ընկերներ ենք ու շատ մտերիմ ընկերներ ենք, պռոստը ընկերներ չենք։