Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզում. 700-ից ավելի արծվաշենցիներ փակել են Չայնիի ճանապարհը. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Կոտայքի մարզում. 700-ից ավելի արծվաշենցիներ փակել են Չայնիի ճանապարհը. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 12-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք բոլորը ներկայումս ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Արծվաշեն գյուղի նախկին բնակիչներ են, արդարացիորեն բարձրաձայնում ու պահանջում են, որպեսզի կառավարությունը վերջապես 30 տարվա մեջ առաջին անգամ ուշադրություն դարձնի իրենց պահանջներին ու խնդրանքներին. «1992 թվականին Արծվաշենի անկումից հետո 4 կառավարություն է փոխվել և մեր՝ արծվաշենցիներիս արդար պահանջը ոչ ոչ չի կատարել։

Միշտ խաբել են ընտրությունից ընտրություն, որ արծվաշենցիների խնդիրը կքննարկեն, սպառիչ պատասխան կտան, մեզ՝ գյուղը կորցրածների համար գոնե չնչին նյութական օգնություն կտան, սակայն 30 տարի է, մեք ապրում ենք Ճամբարակի տարածքում ու մինչև էսօր մենք նույնիսկ չունենք սեփականաշնորհված հողեր։ Մեր արտոնությունները սահմանափակ են։

92 թվականին ներքին կարգով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ներքին հրամանով չեն թողել, որ արծվաշենցիները որևէ քաղաքում բնակություն հաստատեն, որպեսզի Ճամբարակի սահմանները չդատարկվեն։ Այսօր արծվաշենցին ունի սահմանին կանգնած մոտ 2 հազար զինվոր ու, ստացվում է, որ մեր զինվորն արժեք չունի պետության համար։

Այսօր, եթե որևէ մի վթար է լինում, կամ բնական աղետ, միլիոններ են տրամադրում, իսկ երբ 700-ից ավելի տնտեսություն ունեցող արծվաշենցուն է հասնում բանը, արդեն պետությունը դառնում է սնանկ ու ոչ մի լումայով չի կարողանում օգնել մեզ։ Այսօր մենք ողջ համայնքով ուզում ենք դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, որպես նախկին խորհրդային միության քաղաքացիներ, որպեսզի մեզ ապաստան տրամադրեն»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին նաև, որ ցանկանում են ողջ արծվաշենցիներով երթով հասնել Երևան և կառավարության դիմաց պահանջել հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն այս պահին ձեռնպահ են մնում, քանի որ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ու Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանթրոսյանը խոստացել են, որ հանդիպելու են ժողովրդի հետ, սակայն նշված անձինք դարձել են «Նոյի ագռավ». «Ջրհեղեղից հետո ագռավին ուղարկեցին՝ խաբար բերի, գնում ու գնում ա։ Հիմա Պապիկյանն ու Սանոսյանը լրիվ Նոյի ագռավ են դառել։ Չգիտենք՝ ով ա լինելու մեզ համար աղավնին, որ մի լավ լուր բերի։

Արդեն 3 ժամ է, սպասում ենք նրանց, սակայն չեն բարեհաճում։ Հիմա ստիպված արդեն դուրս ենք գալու ու գնանք Երևան ու մեր խնդիրների լուծումը պահանջելու ենք անձամբ Նիկոլ Փաշինյանից»։

***

13։25 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց. որ բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպելու նպատակով ժամանեցին Գեղարքունիքի մարզպետ Գ. Սանոսյանը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, ովքեր փորձում էին համոզել արծվաշենցիներին, որպեսզի դադարեցնեն բողոքի ակցիան և մի քանի հոգով ուղևորվեն Երևան ու հանդիպեն տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին։ Մի որոշ ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցները հրաժարվում էին ընդառաջել մարզպետին, սակայն, այնուամենայնիվ, Գեղարքունիքի մարզի ոստիկանապետին հաջողվեց ընդհանուր հայտարարի գալ ակցիաի մասնակիցների հետ, ովքեր էլ համաձայնվեցին այդ տարբերակին և ուղևորվեցին Երևան։

shamshyan.com