«Այս խնդիրների պատճառը պետք է փնտրել ո՛չ գյուղապետերի, ո՛չ էլ բնակիչների մեջ». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Այս խնդիրների պատճառը պետք է փնտրել ո՛չ գյուղապետերի, ո՛չ էլ բնակիչների մեջ». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արմավիրի մարզի Զարթոնք գյուղը հերթականն է ՀՀ-ի այն գյուղական համայնքներից, որտեղ բնակիչները դժգոհ են ղեկավարից և տարբեր միջոցներով պահանջում են հեռանալ:

ՀՀ-ում սա եզակի դեպք չէ, մանավանդ վերջին մեկ տարում մեր պետության տարբեր հատվածներում հաճախ են լինում այսպիսի բողոքի ակցիաներ: Մեծ մասամբ էլ գործող գյուղապետերը ներկայացնում են փաստեր, որ իրենք օրինական են աշխատել, մի բան էլ իրականացրել են բազմաթիվ բարեփոխումներ:

Բողոքող բնակիչներն իրենց հերթին պնդում են, թե գյուղապետերը պաշտոնեական դիրքի չարաշահում են անում, միայն նրանք ու մերձ շրջապատն է օգտվում արտոնություններից, աշխատատեղերն ու լավագույն պատառները ղեկավարի մտերիմներին են բաժին ընկնում:

Կարծում եմ, այս խնդիրների պատճառը պետք է փնտրել ոչ գյուղապետերի, ոչ էլ բնակիչների մեջ: Խնդիրը 2002թ. ընդունված Տեղական ինքնակառավարման մասին օրենքի մեջ է, որտեղ չկա որևէ սահմանափակում համայնքի ղեկավարի ընտրվելու առումով: Փաստացի նույն անձը անսահմանափակ կարող է դնել թեկնածությունը և ընտրվել գյուղապետ թեկուզ շնորհիվ նրա, որ իր գերդաստանն ամենամեծն է գյուղում:

Սա է այն հիմնական պատճառը, որ գյուղերի բնակիչները հոգնում են տասնամյակներ շարունակ նույն մարդու գյուղապետի պաշտոնում տեսնելուց, միաժամանակ փաստ է, որ նույն աթոռին շատ երկար ժամանակ նստող անձը աստիճանաբար ճահճանում է, նրա մեջ կորում է լավ ու արդյունավետ աշխատելու մոտիվացիան:

Հետևաբար, իմ կարծիքով, մեր խորհրդարանը պետք է օր առաջ վերանայի ՏԻՄ մասին օրենքը և որոշակի ժամկետով սահմանափակի համայնքի ղեկավարի վերընտրվելու հնարավորությունը»:



Նման նյութեր