«Մենք լիքը անելիք ունենք ու ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»
Advertisement 1000 x 90

«Մենք լիքը անելիք ունենք ու ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»

Ուղիղ մի տարի առաջ այս օրերին նստած նամակ էի գրում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին (նամակին միացան Լույս համայնքի շատ ընկերներ), որին ի պատասխան նա հետևյալը գրեց (տես ներքևում):

Ուզում եմ ասել, մի տարի է անցել, ես տեր եմ այդ գրածին ու պահանջին և հիմա էլ ասում եմ, որ ժողովրդավարությունը մնում է վտանգված, իսկ մենք ու պետությունը` հոռի շրջանում: Իսկ պետականություն երազողների պայքարը նոր փուլ է մտել. մենք լիքը անելիք ունենք ու ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:
____

«Ծանոթացել եմ մի խումբ շրջանավարտների կողմից ինձ ուղղված բաց նամակին և անհրաժեշտ եմ համարում, որ անմիջապես ինձնից լսեք այդ մտահոգությունների հակիրճ արձագանքը:

Ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու մեր ձեռքբերումները անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված:

Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ձեզ հետ քննարկելու զարգացման ուղղությամբ մեր քայլերը և ապագայի տեսլականը։ Հպարտ եմ, որ իմ լուման եմ ունեցել Ձեր մասնագիտական կայացման գործում: Հուսով եմ, որ աշխարհի լավագույն բուհերում ստացած ձեր կրթությունը ծառայեցնելու եք մեր երկրի կայուն, ապահով ու համերաշխ զարգացմանը: Ուրախալի է, որ ձեզանից շատերը այսօր արդեն գտնվելով պետական կառավարման համակարգում՝ իրենց ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են պետականաշինության մեր գործին։

Իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով. բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։

Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ: Այդ ամենամեծ գործում մենք ապավինելու ենք նաև «Լույս» համայնքի ներուժին»,- Ս. Սարգսյան:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր