«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ գրվեց հեղափոխության տարբեր դրվագների, հանգրվանների մասին։ Ասեմ, որ իմ համեստ կարծիքով՝ բեկումնայինը հենց ապրիլի 16-ն էր։ Հենց այս օրն էր, որ ցանցային, ապակենտրոն, նորարարական մարտավարության մեկնարկը հաջողությամբ տրվեց։ Հենց այս օրն էր, որ ուսանողությունը տասնամյակների իներտությունից հետո վերջապես ոտքի կանգնեց և ամբողջ երիտասարդական ավյունով ու ստեղծագործականությամբ գործի անցավ։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Կորյունի փողոցից իրենց հպարտ ու կյանքով լեցուն երթով միացան Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներիս։ Դա իսկական պատմական ֆիլմ էր հիշեցնում, երբ գրեթե տանուլ տված ճակատամարտի ամենավճռական պահին չգիտես՝ որտեղից հայտնվում է իշխաններից մեկի հեծելազորն ու խուճապի մատնում իրեն հաղթող երևակայած հակառակորդին։ Այդ պահից սկսած հավատն այլևս չլքեց ինձ»։