Տրանսպորտը և ճանապարհաշինարարությունն առաջիկայում կփոխանցվի Տարածքային կառավարման նախարարությանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով նախարարության մեկ տարվա աշխատանքները և անդրադառնալով առաջիկա ծրագրերին։
Նախարարի խոսքով՝ ներդրվել է առցանց նոր համակարգ, որին միտված են ՀՀ-ում գործող տեխզննման բոլոր կենտրոնները։
«Համակարգի ամբողջ նպատակն այն է, որպեսզի մենք ունենանք ամբողջական բազա, թե ինչ վիճակում են գտնվում մեր մեքենաները, կարելի՞ է դրանք շահագործել, թե՞ ոչ, և այդ ամբողջն ունենանք օնլայն։ Սա հնարավորություն կտա ձերբազատվել տեխզննման կտրոններից և տիրապետել ամբողջ տրանսպորտային պարկի վիճակին։ Այսպիսով համակարգը պատրաստ է, միացված են տեխզննման բոլոր կենտրոնները»,- ասաց Հակոբ Արշակյանը։
Ըստ նախարարի՝ այս ոլորտն ազատական է՝ ցանկացած ընկերություն կարող է դիմել նախարարությանը, ստանալ լիցենզիա և զբաղվել տեխզննությամբ։
Համակարգի հետ կապված՝ բացակայում է միայն օրենսդրական բազան, որի առկայությունը կկանոնակարգի ամբողջական ոլորտը, թե ինչպիսի հարաբերություններ պետք է ունենա մեքենայի սեփականատերը պետության հետ։
«Այժմ օրենսդրական կարգավորման փուլում ենք, կարծում եմ՝ այս տարի ամբողջությամբ հանարավոր կլինի մեր գործընկերների հետ միասին ընդունել և անցնել առաջ»,- շեշտեց Հակոբ Արշակյանը։
Զվարթ Խաչատրյան