Հարգելի պարոն Վանեցյան.
Ընդամենը երեկ երեկոյան ես Ձեզ հղել եմ բաց նամակ՝ խնդրելով հետամուտ լինել Հայաստանում ընդդիմադիր գործիչներին և ակտիվիստներին ուղղված հալածանքին, սպառնալիքներին և «անցանկալի» մարդկանց այն չարաբաստիկ ցուցակին, որ մի քանի օր առաջ հրապարակվեց Ֆեյսբուքում:
Իմ բաց նամակից ժամեր հետո իր ֆեյսբուքյան էջում ինձ անձնական վիրավորանքներ գրեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, և մեր մեջ ծավալվեց թեժ վիճաբանություն: Տեղեկացնեմ Ձեզ, որ այդ ընդհարումը իմ և նրա միջև սկսվել է այն բանից հետո, երբ Սաֆարյանը ընդդիմադիրներին անվանել է «Քոչարյանի տուզիկներ» և «հակահեղափոխական եթիմներ»: Ես էլ նրան հակադարձել եմ, նշելով, որ ինքն է այդպիսին:
Փոխադարձ հոդվածներից հետո Ստյոպա Սաֆարյանը ինձ սպառնաց ԱԱԾ-ով, նշելով, թե իբր ես ներխուժել եմ իր անձնական տարածք և ինձնով պետք է զբաղվի ազգային անվտանգության ծառայությունը:
Պարոն Վանեցյան, այդ երբվանի՞ց են հակառակ կարծիք արտահայտողներին սպառնում ԱԱԾ-ով, կամ այդ երբվանի՞ց Ստյոպա Սաֆարյանը դարձավ ազգ, որի անվտանգությունը պետք է պաշտպանել ինձնից: Մեր երկրի և պետության առաջ այսօր բազում վտանգներ ու սպառնալիքներ կան, և եթե ԱԱԾ-ն սկսի խորանալ ֆեյսբուքյան գրառումների մեջ, դրանից միայն Ձեր և Ձեր աշխատակիցների աշխատանքը կտուժի, և ձեր ժամանակը անիմաստ կսպառվի:
Կոչ եմ անում Ձեզ՝ չտրվել խառնակիչների սադրանքներին և զբաղվել բոլոր քաղաքացիների անվտանգության ապահովմամբ: Այլապես, եթե վերադառնա 1937 թվականը, Հայաստանը դրանից միայն կթուլանա:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից: