Երևանում մայիսի 15-ից կգործարկվի առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը
Advertisement 1000 x 90

Երևանում մայիսի 15-ից կգործարկվի առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը

Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը 2019-2020 ուսումնական տարվանից իրականացվելու է բացառապես առցանց գրանցման տարբերակով:

այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։

«Մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9-ից համակարգը կգործարկվի և յուրաքանչյուր ծնող կարող է գրանցել իր երեխային դպրոցում առցանց տարբերակով: Այս ծրագրի միջոցով նպատակ ունենք սկսել մրցակցային և ավելի հավասար պայմաններով մեկնարկային փուլ: Նախնական ծրագիրը լինելու է միայն Երևանում, ապա կընդլայնվի նաև ՀՀ բոլոր մարզերում»,- ասաց փոխնախարարը։

Նա նաև նշեց, որ այս տարի Երևանի դպրոցներում կա 14  358 տեղ և նախատեսում են ընդունել 13 հազարից մի փոքր ավելի առաջին դասարանցու:

«Այն ծնողներն, ովքեր Հայաստանի տարածքից դուրս կգտնվեն և մինչև սեպտեմբեր ամիսը չեն կարողանա վերադառնալ՝ իրավական հիմքերով, լիազորագրի միջոցով կարող են կազմակերպել այդ գործընթացները:

Ծանոթացնելով գրանցվելու պայմաններին Արտակ Պողոսյանն առաջին հերթին նշեց, որ համակարգ մուտք գործել հնարավոր կլինի hayt.emis.am էջի միջոցով:

«Ծնողը մտնելով տեսնում է երկու պատուհան, որտեղ լրացնում է դպրոցի անվանումը, որտեղ ցանկանում է որպեսզի իր երեխան սովորի կամ վարչական շրջանը, ինչի միջոցով ընտրում է դպրոցը: Հաջորդ քայլերը համապատասխանաբար կլինեն ազատ տեղերի ստուգումը, ապա «ավելացնել հայտ» կոճակը սեղմելը: Կոճակի ակտիվ չլինելը նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար պետք է ընտրել մեկ այլ դպրոց»,- նշեց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ծնողը պետք է մուտքագրի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն ու սեղմի «շարունակել» կոճակը:
Այդ գործողություններն անելուց հետո համակարգում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն։

«Տվյալները ստուգելուց հետո անհրաժեշտ է սեղմել «շարունակել» կոճակը, ինչից հետո էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու ծնողի էլ.փոստին կուղարկվի ծածկագիր։ Այնուհետև ծնողը ծածկագիրը պետք է տեղադրի վերևի պատուհանում, մուտք գործի իր համար ստեղծված էջ և տեսնի տեղեկատվություն` դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին»,- ասաց ԿՏԱԿ-ի տնօրենը և հավելեց, որ համակարգը ստուգում է նաև ծնող-երեխա կապը, որպեսզի որևէ այլ անձ չկարողանա հայտագրել ոչ իր երեխային։

Պողոսյանի հավաստմամբ՝ իրենք պայմանավորվածություններ ունեն ՀՀ ոստիկանության, Արդարադատության նախարարության համապատասխան բաժնի հետ:

Սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։ Համակարգը հնարավորություն է տալիս սեփական ցանկությամբ ծնողի էջի միջոցով չեղարկել հայտագրումը և ընտրել նոր դպրոց։

«Գրանցման հաստատումը ստուգելու համար մենք ստեղծել ենք stugum.emis.am էջը, որը կգործի վաղը՝ ապրիլի 19-ից»,- նշեց Պողոսյանը:

Գործելու է թեժ գիծ երեք հեռախոսահամարով, որոնց հարցերի դեպքում կարելի է զանգահարել՝010-52-73-43, 010-57-84-55, 010-52-47-77:

Գրանցման հաստատումը կարելի է ստուգել stugum.emis.am հասցեի միջոցով։ Ինչ վերաբերում էծնողների շրջանում իրազեկմանը, Պողոսյանն ասաց, որ համապատասխան հոլովակկպատրաստվի և բոլոր հնարավոր հարթակներում կտեղադրվի։



Նման նյութեր