Շատերի համար ատամնաբույժին այցելելը իսկական փորձություն է, քանի որ ինչպես իրենք՝ բժիշկները, այնպես էլ գործիքները կարող են իսկական սարսափ առաջացնել։ Ի՞նչը կարող է լինել ատամնաբույժներից այդքան ուժեղ վախի պատճառը։ Այս հարցին NEWS.am Medicine-ի հետ հարցազրույցում պատասխանել է ատամնաբույժ, Հայաստանի պերիօդոնտոլոգների ասոցիացիայի նախագահ Վարդան Բակալյանը։
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ԽՍՀՄ օրոք ծնվածները բուժվել են ատամնաբույժների մոտ լավ ցավազրկողների բացակայության պայմաններում։ «Նրանցից շատերին մանուկ հասակում շատ ուժեղ ցավ են պատճառել, ինչի հետևանքով էլ առաջ է եկել վախ ատամնաբույժներից։ Բացի այդ, յուրաքանչյուր հաջորդ միջամտություն, որն ուղեկցվում է ցավային զգացողություններով, կարող է խորացնել այն խնդիրները, որոնք ունեցել է պացիենտը նախկինում»,- ասել է Բակալյանը։
Այնինչ, այսօր էլ ատամնաբուժական միջամտությունները միշտ չէ, որ իրականացվում են պատշաճ ցավազրկմամբ և պացիենտի համար հոգեբանորեն հարմարավետ իրադրությունում։ «Եթե ատամնաբույժները պացիենտին ուժեղ ցավ են պատճառում, խաբում են, ցավազրկում չեն կատարում, ապա արդյունքում նա հիշողության մեջ պահում է ապրած ցավի զգացողությունը, և վախ է առաջանում։ Մարդը սկսում է խուսափել ատամնաբույժին այցելելուց, ինչի հետևանքով ատամների հետ կապված խնդիրները խորանում են, և պահանջվում է ավելի բարդ ու երկարատև բուժում»,- ընդգծել է նա։
Նման պացիենտին օգնելու համար ատամնաբույժը պետք է համբերություն ունենա։ «Շատ կարևոր է, որպեսզի մասնագետն ունենա պացիենտի հոգեբանության որոշ իմացություն և չփորձեի արագ ու էժան բուժել նրան։ Եթե բժիշկը շտապում է և չի ցանկանում պացիենտի վրա ժամանակն ու իր գործիքների ողջ զինանոցը ծախսել, ապա բուժումը հարմարավետ ու որակյալ չի լինի»,- նկատել է Բակալյանը։
Ատամնաբույժները չպետք է շտապեն բուժական միջոցների հարցում։ «Սկզբում պետք է խոսել պացիենտի հետ, հասկանալ, թե ինչն է նրան անհանգստացնում, իմանալ՝ մինչ այդ բացասական փորձ ունեցե՞լ է ատամների բուժման հարցում, ինչի՞ց է վախենում, առողջական այլ խնդիրներ ունի՞ արդյոք։ Պացիենտը պետք է հանգիստ լինի, նա չպետք է նյարդային վիճակում լինի։ Եթե նրան ինչ-որ բան անհանգստացնում է կամ իրեն լավ չի զգում, ապա բուժումը պետք է հետաձգել։ Երբեմն պացիենտին կարելի է հանգստացնող դեղամիջոց տալ։ Դա կարող է արվել ատամնաբուժական միջամտությունից կես ժամ, մեկ ժամ կամ անգամ մեկ օր առաջ»,- նշել է Բակալյանը։