«911» ծառայությունը ապրիլի 18-ին, ժամը 17:37-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ «Ուրց» թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկում, հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Նուռնուսի ամառանոցների «Ուրց» թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկին հարակից հողատարածքում հայտնաբերվել են ականանետի գլխիկ՝ 62 մմ-անոց, 3 բեկորային նռնակ, Կալաշնիկովի ինքնաձիգի դետալներ, փամփուշտ (2 հատ, 5×45 մմ) և անհայտ ծագման պայթուցիկ փոշի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղափոխել են հայտնաբերված զինամթերքը: