Ինձ շարունակում են հարցնել, թե ինչ նպատակ է հետապնդում, իմ շարունակական քննադատությունները, հանրային ակտիվությունը` վերլուծություններից մինչև ուղղակի էմոցիոնալ գնահատականներ:
Ես ատում եմ կեղծավորությունը, և պարզ ասում եմ, այո, ես քաղաքական պրոցեսի եմ պատրաստվում:
Քաղաքական պրոցես, որտեղ գրագետ, կիրթ, ազնիվ և հանրային պատասանատվություն կրելու պատրաստ մարդիկ կմեկտեղվեն, որոնց միավորողը կլինի միմիայն գաղափարը: Գաղափարը պետականաշինության, գաղափարը զարգացման, գաղափարը հզոր Հայաստանի, որտեղ ձգտում են գալ, այլ ոչ` արտագաղթել:
Կմեկտեղվենք ներառական պրոցես ստեղծելու, կմեկտեղվենք խմբային առաջնորդությամբ հանրային ռեսուրսները կառավարելու նկատմամաբ պատասխանատվություն ստանձնելու, կմեկտեղվենք անհատի պաշտանմունքը և անհատի կառավարումը մերժելու, կմեկտեղվենք վատ կառավարմանը և ռեսուրսների վատնմանը վերջ դնելու:
Հեղափոխությունից հետո, ես կարծում էի, մեր ընկերները, գործընկերները և ուղղակի համերկրացիները, որոնք ներկայում պատասխանատվություն են ստանձնում, նման կերպ են մտածում և նման կերպ են գործելու: Սակայն բազմաթիվ համագործակցության փորձերը, բազմաթիվ առաջարկները և գաղափարներն անտեսված մնացին, դրան գումարած փակ ու ոչ ներառական գործընթացները, անհատի քմահաճույքով կայացվող պետական նշանակության որոշումները ինձ և շատ ընկերների ստիպեցին սահմաններ գծել ներկա իշխանության կրողների և մեր միջև:
Սահմաններ ենք գծել չցանկանալով, պարտադրված, քանզի չենք ուզում մասը լինել պետությունը հոռի շրջանում պահելու գործընթացին: Ուզում ենք փոփոխություններ, օր առաջ, որակյալ կառավարում ենք ուզում, ուզում ենք մեր սուղ ռեսուրսները ծառայեն պետականաշինությանը, ուզում ենք որ քաղաքացին լինի ցանկացած քաղաքականության մտահոգության և ուշադրության առարկան, այլ ոչ` բիզնեսը: Ուզում ենք հզոր կրթություն, գիտություն և առողջապահություն: Սա հնարավոր է իրականացնել շատ քիչ ռեսուրսով, շատ կարճ ժամանակում: Բոլոր մնացյալ պատճառաբանությունները ձախողակներինն են, մենք միջակություն չենք ընդունում:
Մենք նման կերպ մտածող անհատներս հաղթահարել ենք մեր միջի միջակին և ստրուկին, մենք դավանում ենք գաղափարներ և լոյալ ենք գաղափարներին այլ ոչ անհատներին: Գաղափարը միակն է, հզոր և զարգացած Հայաստան: Եվ ես ուզում եմ, որ նման գաղափարներով մարդիկ մեկտեղվեն:
Վստահ եմ հաջողելու ենք:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: