Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ն առերևույթ քրեական հետապնդում է իրականացնում Դավիթ Սանասարյանի նկատմամբ. Ինչո՞ւ… Այն, որ ամեն մեկի օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքը պետք է գործի՝ ոչ մի կասկածի ենթակա չէ։ Եվ կապ չունի, թե ով է անձը, ինչ պաշտոն կամ զբաղմունք ունի։ Բայց նաև կա անմեղության կանխավարկածը։ Հիմա վերլուծենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը։
Ինչ է գրված հաղորդագրության մեջ. «…խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները»։
Ուրեմն մեկ առ մեկ անցնենք ձևակերպման հանգուցային կետերով։
1.Պետք է լինեն խմբային շահեր, այսինքն պետք է երկու և ավելի մարդիկ նախ որպես խումբ ձևավորված եղած լինեն, և այն էլ կոնկրետ շահերի, կամ ավելի ճիշտ ընդհանուր շահերի հիման վրա։ Այսինքն, պետք է հիմնավորվի թե՛ խմբի ձևավորվսծ լինելու փաստը, թե՛ խմբի անդամների նույն և ընդհանուր շահ ունենալու փաստը։
2. Պաշտոնեական դիրքը «առերևույթ» օգտագործել է։ Եթե առաջին կետում շարադրված փաստերը՝ խմբի ձևավորված լինելը և ընդհանուր շահ ունենալը, հիմնավոր են, ապա առերևույթ օգտագործելս ո՞րն է։ Ուրեմն հենց էլ ուղղակի պետք է օգտագործած լիներ, չէ՞, մեղադրանք առաջադրելու համար։ Բայց քանի որ ձևակերպումը ներկայացված է առերևույթ, ուրեմն թե՛ խմբի, թե՛ խմբի անդամների ընդհանուր շահերն էլ առերևույթ են, չէ՞։
3. Ծառայության շահերին հակառակ է առերևույթ օգտագործել պաշտոնեական դիրքը։
Դե պարզ է, եթե խմբի շահերի համար է օգտագործել պաշտոնեական դիրքը, ապա հետևաբար նաև ծառայության շահերին դեմ է օգտագործել. դե չի կարող բնականաբար, խմբի շահերն ու ծառայության շահերը համընկնեն։ Բայց մի նուրբ հանգամանք. քանի որ խմբի շահերն առերևույթ են, ուրեմն առերևույթ է նաև ծառայության շահերին դեմ պաշտոնեական դիրքի օգտագործումը։
4. Այս վերջինն ուղղակի «ամենահզորն է». չի կատարել իր ծառայողական պարտականությունները։
Հարց․
-Ծառայողական պարտականությունները չկատարելու համար քրեական հետապնդման են ենթարկո՞ւմ, որպես մեղադրյալ են ներգրավո՞ւմ, առերևույթ խմբի առերևույթ շահերի՞ համար, պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործելո՞ւ համար։ Առերևույթ ձևակերպումներով, մեկ հոգու ցուցմունքով քրեական հետապնդումը ոչ միայն անհիմն է, այլև ապօրինի է»։