Դավիթ Սանասարյանի լիազորությունները վարչապետը չի կասեցրել․ հարգում է անմեղության կանխավարկածը․ Վլադիմիր Կարապետյան. factor.am
Advertisement 1000 x 90

Դավիթ Սանասարյանի լիազորությունները վարչապետը չի կասեցրել․ հարգում է անմեղության կանխավարկածը․ Վլադիմիր Կարապետյան. factor.am

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կասեցրել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը»,- այսօր Factor.am-ի հարցին՝ արդյոք վարչապետ Փաշինյանը կասեցրե՞լ է ՊՎԾ պետի լիազորությունները, պատասխանեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Մինչդեռ պաշտոնյայի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ Factor.am-ի հետ զրույցում իրավաբան Նորայր Նորիկյանը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ`քննիչն իրավունք ունի ժամանակավոր դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

«Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ուղարկվում է նրա աշխատավայրի վարչակազմի ղեկավարին, որն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, պարտավոր է կատարել այն և դրա մասին տեղյակ պահել համապատասխան որոշումը կայացրած մարմնին կամ անձին»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունների կասեցման վերաբերյալ ԱԱԾ-ն երեկ միջնորդություն էր  ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Աղավնի Սուքիասյան 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am