Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել հայտնի «Դռռիկ Ալիկը». shamshyan.com
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել հայտնի «Դռռիկ Ալիկը». shamshyan.com

SHAМSHYАN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հրազենային վնասվածքներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով և այս պահին նա գտնվում է վիրահատարանում։

Տեղի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հրազենային վնասվածքներ է ստացել ազդրերի վերին երրորդական հատվածներում և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանն է, ով ավելի շատ հայտնի է «Դռռիկ Ալիկ» մականվամբ։ Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարդան Ավագյանի և բաժնի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։

Ոստիկանները ու քննիչները պարզում են, թե որ հատվածից է Ա. Ալեքսանյանը տեղափոխվել հիվանդանոց և որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ավանի գերեզմանների մոտ։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

*** Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող թիվ 44 երթուղին սպասարկող դիսպետչերական կետի մոտ հայտնաբերել են ВАЗ 2121 մակնիշի 01 ՕՏ 444 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդի կողքի ուղևորի նստատեղին առկա են արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենայով է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com