Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում 26-ամյա Նորիկ Սառիկյանը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 RՍ 898 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր արգելապատնեշը տապալել և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթվի նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև Կոտայքի ճանշինի ծառայողները, ովքեր ճանապարհից հեռացրեցին երթևեկության համար խոչընդոտ դարձած տապալված երկաթե արգելապատնեշները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: