«Ամեն անգամ, երբ ցավ կզգաս, երգիր, Ջո՜ւդ…»
«The Beatles» հայտնի խմբի «Hey Jude» բալլադը հետաքրքիր պատմություն ունի, որը, սակայն, շատ քչերին է հայտնի: Խմբի գրեթե բոլոր երկրպագուները գիտեն երգի խոսքերը, բայց քչերը գիտեն՝ ինչու կամ երբ է այն ստեղծվել և ում է նվիրված…
Ջոն Լենոնը, Փոլը, Սինթիան և Ջուլիանը…
Ջոն Լենոնը և նրա առաջին կինը՝ Սինթիա Լենոնը որոշում են բաժանվել: Նրանց որդու՝ Ջուլիանի համար սկսվում է մի դժվար և ծանր շրջան: Բաժանության լուրը ծանր էր նաև ընտանիքի լավագույն ընկերոջ՝ Փոլ ՄաքՔարթնիի համար, որն էլ իր հերթին որոշում է գրել մի այնպիսի երգ, որը աջակցություն կդառնա Ջուլիանի համար: Բայց յուրաքանչյուր վատ բան մի լավ բանի սկիզբ է…
Եվ այդպիսով ծնվում է «Hey Jude»-ը…
«Հեյ, Ջո՜ւդ, քեզ մոտ ամեն բան կստացվի, դու ունես այն ամենն, ինչ պետք է…»
1968 թ. ամռանը ծնվեց մի երգ, որը պիտի դառնար հաջորդ սերունդների սիրելին ևս: Փոլը մեքենայով ինչ-որ տեղ էր գնում և ճանապարհին փորձում էր մի երգ գրել, բայց չէր կարողանում, քանի որ նրա բոլոր մտքերը Լենոնի ընտանիքի մասին էին: Նա չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ զույգը, որին նա այդքան երկար ճանաչում էր, բաժանվում է: Եվ նա սկսում է մտածել՝ ինչ ասել Ջուլիանին, որ նա ուժ ունենա անցնել այս ամենի միջով: Նա ուզում էր, որ Ջուլիանն իսկապես հավատա՝ ամեն ինչ լավ է լինելու:
Հենց այդ պահին էլ Փոլը որոշում է մի երգ գրել, որը պիտի սկսվեր «Hey JuLe» բառերով: Ավելի ուշ Փոլը որոշում է «Hey JuLe»-ը փոխարինել «Hey JuDe»-ով:
Ջուլիանն այս նվերի մասին իմանում է միայն 20 տարի հետո, իսկ Լենոնը մինչև այդ ավելի քան վստահ էր, որ երգը Փոլն իրեն է նվիրել, չնայած նրան, որ Փոլը պնդում էր, որ երգը հենց իր մասին է:
«Հեյ, Ջո՜ւդ, մի տխրիր, վերցրու տխուր երգն ու փորձիր դրանից մի լավ բան ստանալ…»
Սինգլն ու դրա հաջողությունները…
«The Beatles»-ի «Hey Jude» բալլադը ձայնագրվել է 36 երաժշտից բաղկացած նվագախմբի ուղեկցությամբ, որոնց էլ խմբի տղաները խնդրել են ծափահարել և ձայնակցել երգի վերջին մասում:
Երգը ներկայացվել է 1968 թ.-ի օգոստոսի 26-ին, որից անմիջապես հետո տարածվել է, սիրվել և առաջատար դարձել տարբեր չարթերում: Այն կարողացել է «Rolling Stone» ամսագրի կազմած բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում դառնալ 8-րդը:
«Հեյ, Ջո՜ւդ սկսիր, ինչ-որ մեկի՞ն ես սպասում… Քեզնից բացի այստեղ ոչ ոք չկա»
The Beatles՝ Hey Jude