
Ապրիլի 20-ին` ժամը 20.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը, որը նախաձեռնել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները՝ թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:
Երթի մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Ս. Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե գորգի վրա խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:
«Հարության Ավետիս» քայլերթին կմիանան ՀՄԸՄ ՀԱՍԿ սկաուտական և տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, հայաստանյան բուհերի ուսանողներ և ուսանողական միությունների անդամներ, զինվորներ, ԱԻՆ աշխատակիցներ:
Երթին կարող են միանալ բոլոր ցանկացողները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին