«Թավշյա հեղափոխության» արդյունքները հայաստանցի և ռուսաստանցի հոգեբանների տեսակետից
Advertisement 1000 x 90

«Թավշյա հեղափոխության» արդյունքները հայաստանցի և ռուսաստանցի հոգեբանների տեսակետից

Թավշյա հեղափոխությունից հետո հայ հասարակությունն ավելի ինքնավստահ է դարձել։ Այս մասին ասաց Հայկական պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը ապրիլի 20-ի մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ առավել ակնհայտ փոփոխությունները վերաբերել են հանրային ինքնագիտակցությանը։ Այսպես, եթե ավելի վաղ «կերակրող» պաշտոնին նշանակումը հիացմունք ու նախանձ էր առաջացնում, ապա ներկա իրողություններում կոռուպցիան սկսել է վախ առաջացնել։ Խուդոյանը նկատել է, որ հիմա հասարակությունը զգուշավոր է վերաբերվում կաշառակերությանը՝ հատկապես հաշվի առնելով վերջին կոռուպցիոն սկանդալները։

Այն, որ կոռուպցիայի կասկածանքով քրեական գործեր են հարուցվում նաև այն մարդկանց հանդեպ, ովքեր մոտ են իշխանություններին, Խուդոյանի կարծիքով, կարելի է դիտարկել նաև դաստիարակչական տեսանկյունով։ Նա հիշեցրել է, որ կեղծ փաստաթղթերի օգտագործման մեջ կասկածվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականը։ «Դրանք լուրջ քայլեր են, որոնք ցույց են տալիս, որ իշխանությունները մեղավորներին «իմ» ու «քոնը» չեն դիտարկում»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է այսպես կոչված տնտեսական հեղափոխությանը, ապա այստեղ, ինչպես նշվեց, էական փոփոխություններ չկան այն պատճառով, որ իշխանությունները դեռ սովորում են կառավարել։ «Շատ հարցերում նրանք չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել և սխալներ են անում։ Դա ընկալվում է բացասաբար, բայց, կարծում եմ, որ ժամանակի ընթացքում իրավիճակը կկարգավորվի։ Համենայնդեպս, անցյալին վերադարձ չկա»,- ընդգծել է պրոֆեսորը։

Խուդոյանը չի բացառել, որ 20-30 տարի հետո հեղափոխական իրադարձությունները Հայաստանում կազդեն Անկախ Պետությունների Համագործակցության ամբողջ կարգի վրա։ Նա հիշեցրել է, որ նման բան տեղի է ունեցել նաև Խորհրդային Միության ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բաց խոսել անկախության մասին։

Ռուս հոգեբան, ՄՊՀ հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր Դմիտրի Լեոնտևը նշում է. իրադարձությունները Հայաստանում գտնվում են ընդհանուր էվոլյուցիոն միտման հունում։ Բանն այն է, որ որոշակի փուլում հասարակությունների և պետությունների կենտրոնացման բարձր աստիճանն անխուսափելի էր, բայց վերջին երկու հարյուրամյակում հենց ապակենտրոնացումն է դառնում առավել արդյունավետ։ Այսպիսով, «թավշյա հեղափոխությունը» Հայաստանում համահունչ է այն գծին, որն ուղղված է ապակենտրոնացմանը։

Արդյո՞ք սա կշարունակվի հետխորհրդային տարածքում։ «Զգացողություն կա, որ սառույցը կոտրվել է։ Բայց այդ գործընթացների տեմպերը և հետագիծը տարբեր են»,- ասել է փորձագետը։

Լեոնտևը ուշադրություն է հրավիրել այն տվյալների վրա, որոնք ներկայացված են արդի սոցիոլոգիայի դասական Ռոնալդ Ինգլհարթի «Մշակութային էվոլյուցիա. ինչպես են փոխվում մարդկային մոտիվացիաները, և ինչպես է դա փոխում աշխարհը» գրքում։ «Նա ցույց է տվել, որ բոլոր երկրները էվոլյուցիայի են ենթարկվում նույն ուղղությամբ՝ անվտանգության արժեքներից դեպի ինքնարտահայտման արժեքներ։ Անվտանգության արժեքները լարված գիտակցության արժեքներն են, երբ գլխավորը գոյատևելն է։ Երբ հաջողվում է հասնել նման տնտեսական մակարդակի, երբ գոյատևելը դադարում է մեծ խնդիր լինել, առաջին պլան են մղվում սեփական ընտրության և ինքնարտահայտման արժեքները։ Առաջինից դեպի երկրորդ շարժումն ընդհանուր միտում է աշխարհի բոլոր երկրներում»,- ամփոփել է նա։

med.news.am