2018 թվականին Հայաստան վերադարձել և վերաինտեգրման ծրագրերի դիմել է 1675 քաղաքացի, որոնցիցի 278-ը՝ հարկադիր, 1397-ը` կամավոր:
Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ միգրացիոն ծառայության Մեկ պատուհան ծառայության պատասխանատու Անահիտ Չոբանյանը:
Անդրադառնալով Հայաստան վերադարձողների համար վերաինտեգրման ծրագրերին՝ Անահիտ Չոբանյանը շեշտեց, որ ստեղծվել է մեկ պատուհան ծառայություն, որը գործում է մեկ տարուց ավելի:
«Այն նպատակ ունի նպաստել ԵՄ անդամ և այլ եվրոպական երկրներից Հայաստան վերադարձող քաղաքացիների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը»,- նշեց Անահիտ Չոբանյանը և հավելեց, որ ծառայության միջոցով ՀՀ վերադարձողները կարող են ստանալ և՛ խորհրդատվություն, և՛ աջակցություն:
1 տարվա ընթացքում ծառայության դիմել և վերաինտեգրման ծրագրերին ուղղորդվել է, ընդհանուր առմամբ, 47 վերադարձող միգրանտ: Նրանցից 41-ը եղել են Գերմանիայից, 3-ը՝ Ֆրանսիայից, 2-ը՝ Ավստրիայից և 1-ը՝ Լեհաստանից:
«47 վերադարձած միգրանտից 31-ը հարկադիր է վերադարձել, իսկ 16-ը՝ կամավոր: 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի ապրիլ` ՀՀ միգրացիոն ծառայության մեկ պատուհան ծառայությունն ուղղորդել է հայրենիք վերադարձած 84 ՀՀ քաղաքացու»,- շեշտեց Չոբանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ներկայումս իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք աջակցում են ինչպես հարկադիր, այնպես էլ կամավոր վերադարձածներին:
Չոբանյանը նաև հավելեց, որ ԵՄ երկրներից վերադարձած քաղաքացիները շատ հաճախ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են ունենում, քանի որ եվրոպական որևէ երկիր հասնելուն պես ոչնչացնում են իրենց անձնագրերն ու մյուս փաստաթղթերը: Նրա խոսքով՝ հետդարձի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գերմանիայից՝ 62 տոկոս, Ֆրանսիայից՝ 22 տոկոս և Նիդեռլանդներից՝ 3.6 տոկոս: