Արմավիրի մարզի 37-ամյա բնակիչը մեղադրվում է իրեն հատկացված բնակարանը հրկիզելու մեջ։
Քաղաքացու բնակարանում հրդեհ բռնկվելու ահազանգն ստացվել էր 2018թ. գոստոսի 3-ին։ Հետագա քննությամբ պարզվել է, որ հենց բնակիչն է դիտավորությամբ հրկիզել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պատկնող, նախարարության կողմից իրեն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված Էջմիածին քաղաքի իր բնակարանը` պետության ուշադրությունն իր վրա հրավիրելու նպատակով։
Արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պատճառվել է խոշոր չափերի` 1.116.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ուրիշի գույքին դիտավորությամբ խոշոր չափերի վնաս է պատճառելը։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Նշենք, որ նախաքննությունն ավարտվել է, եւ գործն արդեն գտնվում է դատարանում։