ՊՎԾ պետի պաշտոնի հավակնորդը Վլադիմիր Գասպարյանի սանիկն է. ուշագրավ մանրամասներ. armdaily.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ՊՎԾ պետի պաշտոնի հավակնորդը Վլադիմիր Գասպարյանի սանիկն է. ուշագրավ մանրամասներ. armdaily.am

ArmDaily.am-ը երեկ անդրադարձել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի շուրջ ստեղծված իրավիճակին։ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելուց հետո նրան ժամանակավոր փոխարինում է տեղակալը՝ Ալբերտ Աբգարյանը։ Հայտնել էինք նաեւ, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ամեն գնով փորձում է այս կառույցում ղեկավար դարձնել Սանասարյանի տեղակալներից՝ Արգիշտի Քյարամյանին։ Իսկ օրենքը թույլ է տալիս Քյարամյանին նշանակվել միայն այն դեպքում, եթե ավելի մեծ ստաժ ունեցող Ալբերտ Աբգարյանը հրաժարվի ժպ լինել։ Արգիշտի Քյարամյանը, սակայն, այնքան էլ ընդունված պաշտոնյա չէ ՊՎԾ-ում։ 28-ամյա երիտասարդը աշխատել է դատախազությունում, ՊԵԿ-ում, ի սկզբանե նրա ՊՎԾ-ում աշխատանքի անցնելուն Փաշինյանը այնքան էլ կողմ չէր։

Արգիշտի Քյարամյանի հայրը Կոտայքի թեմի առաջնորդն է, քավորը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։  Չնայած երիտասարդ տարիքին եւ պետական մարմիններում աշխատելու փորձին՝ Քյարամյանը ահռելի հարստության տեր է։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրված էին նրա 2017թ հայտարարագրերը։ Ըստ այդմ՝ թեմի առաջնորդի որդին ստացել է 4,674,807.0 աշխատավարձ, նրա դրամական միջոցները 2017թ հարկային տարում կազմում էին 32մլն դրամ, 48 հազար դոլար, 6000 դոլար փոխառություն։ Երեւանի դատախազի պաշտոնը ստանձնելու ժամանակ երիտասարդը ունեցել է 4 հողամաս, երկու բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, հողին ամրակայված այլ շինություն, ավտոտմակ, MERCEDES-BENZ C 180 մեքենա, ինչպես նաեւ թանկարժեք զարդեր։ Ասում են՝ մեծահարուստ պաշտոնյան առանձնակի չի փայլում աշխատակիցների հետ շփմամբ, ժամերով կարող է մարդկանց սպասեցնել, չի հաղորդակցվում։ Ի դեպ, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ լիազորությունների դադարեցումից հետո Դավիթ Սանասարյանը չի այցելել ՊՎԾ շենք, իսկ տարածքում պարբերաբար բազմաթիվ ոստիկաններ, անծանոթ մարդիկ են նկատվում, ովքեր, ըստ ամենայնի, սպասում են ֆիքսելու Սանասարյանի հնարավոր մուտքը կառույց։

armdaily.am