Հայրս թավշյա հեղափոխության միակն զոհն էր, նրան սպանողն արդեն մեկ տարի է՝ չի հայտնաբերվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լաուրա Հովհաննիսյանը՝ ԵԿՄ Էջմիածնի տարածքային գրասենյակի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի դուստրը։ Հիշեցնենք, որ Նվեր Հովհաննիսյանը սպանվել է 2018-ի ապրիլի 23-ին էջմիածնի կենտրոնում:
«Սպանության մանրամասները 2 ամիս հետո միայն բացահայտեցին, հայտարարեցին հետախուզում, ընդ որում ասացին, որ հետախուզվողը ՀՀ տարածքից դուրս չի եկել, բայց արդեն մեկ տարի է՝ չեն կարողանում նրան հայտնաբերել: Հարցեր են առաջանում. ինչո՞ւ ավելի արդյունավետ գործողություններ չեն կատարվում, ինչո՞ւ ընտանիքի անդամներին չեն հետևում»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված, որպես մեղադրյալ է ներգրավվել Էջմիածնի բնակիչ 51-ամյա Գրիգոր Ավետիսյանը:
Քննական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Tert.am–ի հետ զրույցում ասացին, որ Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում: «Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննչական մարմին ներկայացնելու ուղղությամբ»,– ասաց նա։
Լաուրա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իր տատիկը նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով, որ գործն իր վերահսկողության ներքո պահի, որպեսզի գործը բացահայտվի։
«Խնդրում էինք, որ ուղղակի հայրիկիս սպանողին գտնեին, պատասխանատվության ենթարկեն: Պատասխան ստացանք, որ գործը քննվում է, նամակից էլ անցել է ութ ամիս՝ ոչ մի նորություն: Շատ մտահոգված ենք, վիրավորված ենք՝ դեպքը եղել է երեկոյան, բայց մութ չի եղել, 200-ից ավել մարդ է այնտեղ եղել։ Մարդկանց պատմելով՝ սպանողի հետ խոսողներ են եղել, հարցրել են՝ ի՞նչ ես անում, բայց չեն փորձել բռնել, կանխարգելել: Այսինքն՝ հենց սկզբից բոլորն իմացել են՝ ով է, բայց շանս են տվել նրան փախչելու, և միայն 2 ամիս հետո է հետախուզում հայտարարվել: Բողոքներ ունենք թե՛ գործով զբաղվող նախկին քննիչներից, և թե՛ ոստիկանությունից»,- մանրամասնեց Նվեր Հովհաննիսյանի դուստրը:
Լաուրա Հովհաննիսյանը նշեց, որ նախկինում չեն ցանկացել պարբերաբար բարձրաձայնել, որ հայրը հեղափոխության միակ զոհն է, որպեսզի չստացվի հեղափոխությունը ստվերում են:
«Բայց մեր ընտանիքը հորս սպանությունից հետո մինչև հիմա ուշքի չի գալիս, դժվար է մեզ համար: Հայրս Արցախյան պատերազմի մասնակից է, մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին, առաջին կարգի հաշմանդամություն ուներ, ոտքն ու ձեռքը կորցրել էր, բայց հայրենիքի պաշտպանության հարցում վախ չուներ: Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դանակահարողները, սպանողները չպետք է ներվեն, պիտի բանտ նետվեն, այս դեպքում այլ պատկեր է: Գոնե թող հիմա հրահանգի, որ գործընթացն արագացնեն, խիստ միջոցներ ձեռնարկեն, կապ չունի, թե հայրս ում կողմնակիցն է եղել, ում հետ է աշխատել, ինքը եղել է, այո՛, Կարեն Գրիգորյանի աշխատակից–ընկերը, բայց չի նշանակում, որ նրան սպանողը պետք է չհայտնաբերվի»,- նշեց նա:
Նվեր Հովհաննիսյանը նաև Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի օգնական էր, նրա սպանությունից հետո Էջմիածնի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որ նրա սպանությունը չեն կապում խաղաղ ցուցարարների հետ, այլ համարում են, որ սպանությունը տեղի է ունեցել նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի սադրանքի հետևանքով, սպանողը նրա թիմակիցն է: Հակոբ Հակոբյանն էլ հայտարարել էր, որ դեպքի հետ առնչություն չունի, ո՛չ սպանողին է ճանաչում, ո՛չ էլ սպանվողին: