ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ և ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանին Ռուսաստանի կողմից հայկական կողմին չարտահանձնելու մեջ, բացի իրավական կարգավորումներից, այլ ենթատեքստ չի ուզում տեսնել:
Այս մասին ասաց վարչապետն ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում:
«ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, ինչքանով տեղյակ եմ, նաև ՌԴ քաղաքացի է: Մենք այսօր իրավիճակ ունենք, երբ օտարերկրյա պետությունը մեր քաղաքացուն մեղադրում է հանցագործության մեջ, բայց մեր օրենսդրության բերումով չենք կարող այդ քաղաքացուն արտահանձնել, որովհետև դա մեր սահմանադրությանն ու օրենսդրությանը հակասում է: Ես չեմ ուզում այդտեղ այլ ենթատեքստներ տեսնել»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ չի կարող ասել` Ռուսաստանի Դաշնությունը Միքայել Հարությունյանին կարտահանձնի՞, թե ոչ: