Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդը, քաղաքացիներն իրոք պետք է պատվիրակեն, հանձնարարեն գործող իշխանությանն իրենց ցանկությունն ու պահանջն արցախյան հիմնախնդրի կարգավորման մասով: Ամեն բան այս առումով շատ պարզ է՝ մարդիկ ձևակերպում են իրենց պահանջը, իսկ իշխանությունն էլ այդ պահանջը պետք է կատարի գործնականում: Իշխանությունն իսկապես պետք է իմանա, թե մարդիկ այս հարցում ինչ հանգուցալուծում են ուզում, որպեսզի իր լիազորությունների սահմաններում կարողանա սեփական ժողովրդի, քաղաքացիների անունից բանակցել: Կփորձեմ հստակ ձևակերպել, թե ինչ արդյունք է պահանջվում ՀՀ գործող վարչապետից, կամ նրան հաջորդած ցանկացած ղեկավարից, Արցախի մասով: Հայ ժողովրդի ու մեր քաղաքացիների գլխավոր նպատակն այն է, որ վերջնարդյունքում Արցախը դե յուրե միանա Հայաստանին այնպես, որ այդ միացումը ճանաչվի միջազգային հանրության և, գուցե, որպես լավագույն տարբերակ, նաև Ադրբեջանի կողմից: Ընդ որում, այդ միացումը պետք է տեղի ունենա առանց Արցախի հաշվին արևելքի միակողմանի տարածքային զիջումների: Ավելին՝ այն պետք է իրականացվի խաղաղ ճանապարհով: Իսկ թե ինչպես նա պետք է դա անի, դա էլ առանձին հարց է, որն իր պատասխանը ևս ունի»: