Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վանեցյանը որոշել է՝ Դավիթ Սանասարյանի գործն ուղարկվելու է դատարան: Վանեցյանի երեկվա հարցազրույցն այն հիմնավորումն է, թե ինչու ԱԱԾ քննչականը չպետք է քննի Դավիթ Սանասարյանի վերաբերյալ գործը։
Այսպես, անմեղության կանխավարկածի մասին խոսող բարձրաստիճան պաշտոնյա, ԱԱԾ տնօրեն Վանեցյանն ասում է. «Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել և գործը կուղարկվի արդեն դատարան և դատարանում դուք բոլորդ և առհասարակ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում»։
Այնուհետև՝ 1 րոպե անց ասում է. «Անկեղծ ձեզ եթե ասեմ, շատ մանրամասն չեմ տիրապետում քննչական ապարատի կողմից կատարված քննչական գործողություններին, ես տիրապետում եմ այնքանով, որքանով գիտեմ ընդհանուր առմամբ»։
ԱԱԾ պետը իր կառույցում գործող քննիչի ու ՀՀ գլխավոր դատախազի փոխարեն արդեն որոշել է՝ Դավիթ Սանասարյանի գործն ուղարկվելու է դատարան։
Սա այն դեպքում, երբ Սանասարյանի փաստաբանները գործի շինծու լինելը հիմնավորում են նաև նրանով, որ իրենք Դավիթ Սանասարյանին արդարացնող ապացույցներ են ներկայացրել, այդ թվում վկաներ հարցաքննելու միջնորդություններ են արել, սակայն քննիչին դա չի էլ հետաքրքրել։
Այդ վկաները, որոնց ցուցմունքներով կարող է հերքվել մեղադրանքը, դեռ չեն հարցաքննվել, սակայն Վանեցյանին հետաքրքիր էլ չի, թե նրանք ինչ կասեն, նա՛ իր որոշումն արդեն կայացրել է»։