menu.am-ի սեփականատեր Վահան Քերոբյանը ֆեյսբուքում գրել է.
«Ի՞նչ կարծիքի եմ ես ուսանողական տարիքից աշխատել սկսելու մասին։
– Բացասական!!! Պետք է սկսել աշխատել ԴՊՐՈՑԱԿԱՆ տարիքից։ Լրիվ լուրջ։
Մի լավ պատմություն է ինձ պատմել իմ տարեց պարսկահայ ընկերներից մեկը, մեծահարուստ, նախահեղափոխական Պարսկաստանի ամենահարուստ հայ Սահակյանների ընտանիքից Քրիստոֆեր (Սիսո) Սահակյանը։ Այդ ընտանիքը մի քանի հայկական դպրոց էր պահում Թեհրանում ու Սպահանում, Ջեներալ Մոթորսի, Ֆիլիպ Մորիսի ու Կանադա Դրայի ներկայացուցիչն էին էնտեղ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հարուստ պարսիկ ընտանիքներն իրենց երեխաներին ուղարկեցին կրթվելու Եվրոպա և ԱՄՆ։ Նրանք, ովքեր սովորեցին Եվրոպայում, վերադարձան ու մսխեցին իրենց ընտանիքների հարստությունը, իսկ նրանք, ովքեր սովորեցին ԱՄՆ֊ում, վերադարձան ու բազմապատկեցին իրենց ընտանիքների հարստությունը։ Պատճառն այն էր, որ ԱՄՆ֊ում ուսանողի չաշխատելը ամոթ բան է, Սիսոն ինքն էլ աման լվացողից սկսած շատ գործեր է արել սովորելիս։ Դա, այդ թեկուզև ծանր և “ոչ մասնագիտական” աշխատանքն ուսումին զուգահեռ շատ լավ դաստիարակում է մարդուն, սովորեցնում լինել արագ, խնայող, գնահատել աշխատանքը, մարդկանց, շատ գնահատել ուսումը, ու ապրել արագ ռիթմով։ Ու ամբողջ Ամերիկյան կրթական համակարգը, աշխարհում ամենալավերից մեկը, չի ենթադրում գործազուրկ ուսանողների առկայություն, նույնիսկ եթե ուսանողները ֆինանսապես դրա կարիքը չունեն։
Հ.Գ. Ես անձամբ սկսել եմ աշխատել 13 տարեկանից, մինչև հիմա առանց ընդմիջման, ու համարում եմ, որ բախտս շատ բերել ա այդ առումով»։