Facebook ընկերությունը հայտարարել է, որ պահպանել է Instagram-ի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր ընթերցվող ձևաչափով՝ առանց կոդավորումների: Instagram-ը պատկանում է Facebook-ին 2012 թվականի ապրիլից:
«Մենք գտել ենք Instagram-ի օգտատերերի գաղտնաբառերի լրացուցիչ տեղեկամատյաններ, որոնք պահված էին ընթեռնելի ձևաչափով: Մեր հաշվարկներով՝ խնդիրն ազդել է Instagram-ի միլիոնավոր օգտատերերի վրա»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերությունը խոստանում է տեղեկացնել բոլոր այն օգտատերերին, որոնց գաղտնաբառերը պահվում են այս ձևով:
«Մեր հետազոտությունը պարզել է, որ այդ գաղտնաբառերը չեն օգտագործվել ընկերության աշխատակիցների կողմից»,- վստահեցնում է Facebook-ը:
Սա առաջին դեպքը չէ, որ ընկերությունն անզգույշ է վարվում օգտատերերի գաղտնաբառերի հետ: Facebook-ը մարտի վերջին հայտարարեց, որ Facebook-ի մեծ թվով օգտատերերի գաղտնաբառերը հասանելի են սոցիալական ցանցի աշխատակիցների համար:
Ընկերության տվյալներով՝ դրանք պահվել են ընկերության ներքին տվյալների պահպանման համակարգերում ընթեռնելի ձևաչափով, չնայած սովորաբար օգտատերերի գաղտնաբառերը պահվում են աշխատողների համար «անընթեռնելի» ձևով: Facebook-ը հայտնել է, որ խնդիրը լուծված է, և որպես խափանման միջոց՝ ընկերությունը խոստացել է նախազգուշացնել բոլորին, ում գաղտնաբառերը պահվել են նման կերպ:
Սիրարփի Աղաբաբյան