Սոցցանցերիի օգտատերերից մեկը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է ամերիկացի դերասան Բիլ Մյուրեյը կարտոֆիլի ֆրի գողանում, որից հետո անվրդով տեսքով թաքնվում բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Մասաչուսեթս նահանգի Մարտաս-Վինյարդ կղզու օդանավակայանի ռեստորանում։
Մյուրեյը մոտեցել է սեղանիկի մոտ նստած այցելուին և նրա սեղանից մի քանի կտոր ֆրի թռցրել։ Օգտատերը, որը «տուժածի» ընկերն է եղել, հասցրել է լուսանկարներ անել։
Սա առաջին դեպքը չէ՝ կապված Բիլ Մյուրեյի կողմից ֆրի թռցնելու հետ։ Mashable պարբերականը նշում է, որ լուսանկարները հանդիսանում են ապացույց համացանցային լեգենդի, որը շրջանառվում է արդեն մի քանի տարի։ Համաձայն դրա՝ մի անգամ Մյուրեյը մոտեցել է սրճարանի այցելուին և նրա ստվարաթղթե փաթեթից կարտոֆիլի ֆրիի մի քանի կտոր է վերցրել, որից հետո թաքնվել ամբոխի մեջ՝ ասելով, որ «քեզ, միևնույն է, ոչ ոք երբեք չի հավատա»։