Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է «Արմենիա» միջազգային օդանավակայանի փոխտնօրենի պաշտոնում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ավետիսյանը:
Ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրիում էր: Նա շրջայց էր կատարել նաև «Արմենիա» միջազգային օդանավակայանի մաս կազմող «Շիրակ» օդանավակայանում: Փաշինյանին ուղեկցում էր Սերգեյ Ավետիսյանը:
Factor.am-ի հարցին, թե ինչու էր ուղեկցում Նիկոլ Փաշինյանին, Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց, որ զբաղեցնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանի փոխտնօրենի պաշտոնը և իր ներկայությունը պայմանավորված էր իր պաշտոնով:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Ավետիսյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Սերգեյ Ավետիսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից՝ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ: Իսկ մինչ այդ Ավետիսյանը էկոնոմիկայի փոխնախարար էր: