Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ նրա պաշտպանի բողոքի քննությունը:
Նիստի մեկնարկին մեղադրող դատախազը միջնորդել է դռնփակ քննել բողոքը՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի գործը դեռևս նախաքննական փուլում է գտնվում:
Պաշտպանական կողմը, սակայն, նշել է, որ նմանատիպ բողոքը դռնփակ քննելու իրավակակ մեխանիզմ չկա: Դատարանն ընդմիջումից հետո որոշել է բողոքը քննել դռնփակ դատական կարգով:
Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, և այս գործի շրջանակներում քննիչի որոշմամբ նրա գույքի վրա կալանք է դրվել:
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել, ապա Հատուկ քննչական ծառայության վարույթ էր փոխանցվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը, որով անցնում են Լյովա Սարգսյանը, վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը և որդին՝ Նարեկ Սարգսյանը: