Ոչ մի համաձայնության չենք եկել, որոշում են բերել, որ պետք է քանդվի, ուրիշ բան չկա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող կրպակների ապամոնտաժման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կրպակներից մեկի տերը՝ Ֆելիքս Միքայելյանը:
Հարցին, թե որքանով են ճիշտ տեղեկությունները, թե նոր տարածք են տրամադրել, կրպակատերն ասաց, որ պետք է տարածքը լինի, որ պայմանավորվեն: «Կիլիկիայի վերջին քարի հանքերն են ասում, ի՞նչ անեմ, այնտեղ քա՞ր եմ տաշելու»,- ասաց նա եւ հավելեց, որ ինքը Նար–Դոսում փայտամշակմամբ է զբաղվում:
Հարցին՝ հնարավո՞ր է դատական գործընթաց սկսի, վերջինս պատասխանեց. «Որ սկսեմ ի՞նչ օգուտ, եթե օգուտ կունենա, որ կբերեմ, կդնեմ տեղը՝ կանեմ, բայց օգուտ չունեմ: Այսօր օրենքո՞վ է որ, օրենքը ժողովրդի կո՞ղմն է, չկա նման բան, օրենքն իրենցն է, իրենք էլ իրար մատ չեն կծում, անում են այն, ինչ հարմար է իրենց»:
Կրպակատերը ընդգծեց, որ այստեղ ոչ մեկի տարածքն էլ սեփականաշնորհած չի. «Վաղը ես ինքս կհանեմ, որովհետեւ սա իրենով գումար է: Չթողեցի ջարդեն, ես ավելի լավ է մեկին նվեր տամ, քան էսպես ջարդեն թափեն, մեկին լավություն կանեմ, ինձ էլ պետք չի»:
Նշենք, որ այսօր արդեն մի քանի ժամ է քանդում են Նար Դոսի փողոցում գտնվող կրպակները: