Օրեր առաջ՝ ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, քաղաքացիներից մեկը մեզ լուսանկարներ փոխանցեց և պատմեց, որ տեսել է, թե ինչպես է Ձորափի 74 հասցեում գտնվող պետական պաշտոնյաներին սպասարկող առանձնատներ մուտք գործում «Bogart Interior Salon»-ի (Բոգարտ կահույքի և ինտերիերային պարագաների խանութ-սրահ) բեռնափոխադրող մեքենան և դուրս գալիս։
Բոգարտը ամերիկյան և եվրոպական ամենահայտնի բրենդների հետ համագործակցող ընկերություն է, որը հայտնի է որպես Հայաստանում ամենաթանկ կահույք վաճառող ընկերություն։ Օրինակ՝ ննջասենյակի կահույքի գինը սկսվում է մոտ 10.000 ԱՄՆ դոլարից։
Հիշեցնենք, որ Ձորափի 74 հասցեում գտնվում են պետական պաշտոնյաներին սպասարկող Կառավարական առանձնատները կամ «դաչաները»։ Այնտեղ է բնակվում նաև ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը։
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից ամենաբարձր աշխատավարձը նախագահինն է, ապա՝ վարչապետինը։ Հաշվի առնելով պետական պաշտոնյաների ստացած աշխատավարձի չափը՝ Բոգարտից որևէ կահույք ձեռք բերելու համար անհրաժեշտ է պետական պաշտոնյայի մի քանի ամսվա աշխատավարձ։
Ուստի հարց է առաջանում, թե ո՞ր պետական պաշտոնյայի առանձնատուն է ուղևորվել Բոգարտի բեռնափոխադրող մեքենան Քաղաքացու օրը։ Ի՞նչ կահույք է բերվել, ի՞նչ արժողությամբ, և ի՞նչ միջոցներով է Կառավարական առանձնատանը բնակվող որևէ պաշտոնյա ձեռք բերել Հայաստանի ամենաթանկարժեք կահույքն իր Կառավարական «դաչայի» համար։
Սրանք հարցեր են, որոնք մտահոգություններ են առաջացնում, և որոնք պարզաբանման անհրաժեշտություն ունեն, ինչի կապակցությամբ AntiFake.am-ը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։
Մեր գործընկեր լրատվամիջոցներին ևս կոչ ենք անում հետևողական լինել այս հարցում և փորձել պարզաբանումներ ստանալ։