Որո՞նք են Քաղաքացու oրվա միջոցառումների կազմակերպման մրցույթների հաղթող ընկերությունները. yerkirmedia.am
Advertisement 1000 x 90

Որո՞նք են Քաղաքացու oրվա միջոցառումների կազմակերպման մրցույթների հաղթող ընկերությունները. yerkirmedia.am

Քաղաքացու oրը մարզերում եւ մայրաքաղաքում անցկացված միջոցառումների կազմակերպման մրցույթները, պարզվում է, շարքային ընկերություններ չեն շահել:

Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում միջոցառումների կազմակերպումը վստահվել է «EX Production/Գեւորգ Աղաբալյան Ա/Ձ» ընկերությանը, որին ընդհանուր առմամբ տրամադրվել է գրեթե 17 միլիոն դրամ: Այս ընկերության սեփականատերը՝ Գեւորգ Աղաբալյանը, նախորդ ամիսներին եւս ներգրավված է եղել տարբեր, մասնավորապես՝ կառավարության գործունեության 100 օրվան, անկախության տոնին նվիրված եւ այլ միջոցառումների կազմակերպման գործում: Լուսանկարներից դատելով՝ Աղաբալյանը սերտ հարաբերություններ ունի Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ նրա եղբոր՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի, նաեւ՝ իշխող ուժի այլ ներկայացուցիչների հետ:

Կոտայքի մարզում միջոցառումների կազմակերպման մրցույթը շահել է «Unity Production/ Ալեքսանդր Մհերյան»անհատ-ձեռնարկատերը: Սեփականատերը՝ Ալեքսանդր Մհերյանը, եւս բյուջեից մի քանի քանի անգամ գումարներ է ստացել, սկսած պաշտոնավարման սկզբին վարչապետի ամառանոցում դպրոցականների ընդունելու միջոցառումից, 2018-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կառավարության 100 օրվան նվիրված՝ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթի բեմի պատրաստման, սեպտեմբեր 21-ին Երեւանում զանգվածային միջոցառումների կազմակերպման, վերջացրած Բաղրամյան 26-ում տիկին Աննա Հակոբյանի ամանորյա պաշտոնական ընդունելության կազմակերպման համար։ Ընդ որում գրեթե միշտ, այս ընկերության հետ կառավարությունը պայմանագիր է կնքել առանց մրցույթի, ուղղակի մեկ անձից գնման ընթացակարգով։ Դատելով Ալեքսանդր Մհերյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից, նա ոչ միայն սերտ առնչություններ ունի Հայկ եւ Նաիրի Սարգսյանների հետ, այլեւ հաճախակի մասնակցում է իշխող ուժի կազմակերպած տարբեր միջոցառումներին:

yerkirmedia.am