Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարում, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները չեն գործում ինչպես Արցախում, այնպես էլ շատ չճանաչված պետություններում:
Բեգլարյանն այս մասին խոսեց ՀՀ ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Թե ինչու ներկայացված չեն, դա առաջնահերթորեն կախված է իրենցից: Արցախի Հանրապետության կողմից միշտ դիրքորոշում եղել է, որ մենք բաց ենք և պատրաստ ենք ընդունել միջազգային կառույցներին Արցախում ծրագրեր իրականացնելու: Դա վերաբերում է միջազգային կազմակերպություններին՝ միջկառավարական, վերպետական, նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Ցավոք, մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը չի գործում: Իհարկե, չեմ կարող ասել, որ միայն Արցախին են խտրականության ենթարկում, նաև այլ չճանաչված պետությունների, բայց սա անընդունելի է »,- ասաց Բեգլարյանը:
Նա նշեց, որ չճանաչված պետությունները և, հատկապես, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող պետությունները միշտ ավելի խոցելի են լինում մարդու իրավունքների պաշտպանության առումով, քան ճանաչված և ոչ կոնֆլիկտային պետությունները: