Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում այգու դիմաց, իսկ Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ասել է, որ նորմալ է վերաբերվում ակցիաներին, եթե դրանք օրենքի շրջանակներում են իրականացվում:
Նրա համոզմամբ` իր դեմ իրականացվող ակցիաների մասնակիցների թվում նաև «ուղղորդված մարդիկ» կան:
SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանից, թե ում է «ուղղորդված» համարում:
«Էն մարդկանց, ովքեր երբեք կապ չեն ունեցել կենդանաբանական այգու հետ, բայց այսօր էնտեղ կանգնած են: Դրանք կենդանիների առևտրով զբաղվողներ են, ռեստորաններում կենդանիներ ցուցադրողներ են, մարդիկ, ովքեր միտում ունեն տարբեր էկզոտարիումներ բացել կամ արդեն ունեն էկզոտարիումներ: Մարդիկ են, ովքեր դեմ են այսօրվա քաղաքականությանը, որն այսօր որդեգրել է Երևանի կենդանաբանական այգին՝ կենդանիների առևտուրը կանոնակարգել շատ խիստ օրենքով: Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ ձևաչափը հնարավորինս մոտ լինի եվրոպական ձևաչափին»,- ասել է Ռուբեն Խաչատրյանը: