Այսօր կենդանաբանական այգու մոտ բողոքի ակցիա իրականացնող, այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանը հայտարարել էր, որ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին պոնի է նվիրել:
Armdaily.am-ի հետ զրույցում Աշոտ Բլեյանն ասաց, որ պոնին ոչ թե անձամբ իրեն, այլ կրթահամալիրին են նվիրել՝ խնամելու նպատակով: «Ես բնակարանում եմ ապրում, որը 4-րդ հարկ է, ես այդ պոնին ի՞նչ անեմ»,- ասաց Բլեյանը:
Վերջինս նաև նշեց, որ կրթահամալիրը ունի ուսումնական ագարակ՝ իր ձիանոցով և ընտանի կենդանիների այգիով:
«Ես գիտեմ, որ Կենդանաբանական այգին պայմանագրով ոչ միայն մեզ, այլև Խարբերդի հաստատություններից մեկին կենդանի է տվել: Պայամանագրով սահմանված են հստակ ժամկետներ՝ 1 տարի, որ մենք խնամում ենք, մենք կերակրում ենք, իսկ իրենք պարբերաբար ստուգում են: Եվ պետք է ասեմ, որ շատ խիստ են ստուգում»,- ասաց Բլեյանը: